Մինչեւ 2020 թվականը ՀՀ–ին 160 մլն եվրո բյուջետային աջակցություն նախատեսող՝ ՀՀ–ԵՄ «Գործընկերության գերակայություններ» փաստաթուղթը, պետք է առաջնային դառնա կառավարության համար՝ ասաց ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը այսօր՝ սեպտեմբերի 20–ին։ Նա մասնակցում էր Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի և ՀՀ–ԵՄ «Գործընկերության գերակայություններ» փաստաթղթի կիրարկումն ապահովող միջոցառումները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի երրորդ նիստին։

Աշոտյանը դժգոհ է ԵՄ տրամադրած 160 մլն դոլարի տնօրինումից. «Եվրամիությունը չի ֆինանսավորում հեղափոխություններ, Եվրամիությունը ֆինանսավորում է բարեփոխումներ, հետեւաբար, ֆինանսներ ակնկալելու համար պետք է իրականացվեն գործողություններ»,–ասաց նա։

Պատգամավորը նկատեց, որ այդ գումարի մի մասով որոշ ենթածրագրեր արդեն իրականացվում են, մասնավորապես, էկոնոմիկայի ոլորտում, բայց բավարար ակտիվություն չկա։

«Ինչու եմ ահազանգում, որովհետեւ համաձայնագիրը ուժի մեջ է հունիսի 1–ից, այսօր սեպտեմբերի 20–նն է, եւ այս ընթացքում հանձնաժողովը նոր–նոր սկսել է վերջապես աշխատել»,–ասաց Աշոտյանը։

Նրա համար ակնհայտ է, որ մինչեւ համաձայնագրի իրականացման տեսանելի գործընթաց չլինի, դժվար կլինի խոսել ԵՄ–ի հետ հաջորդ տարիների համագործակցության խորացման մասին։

Աշոտյանը նաեւ ընդգծեց, որ կարեւոր է Խորհրդարանի՝ օրինաստեղծ գործունեություն սկսելը, քանի որ շատ բարեփոխումներ պահանջում են նոր օրենքներ։

Հիշեցնենք, որ ՀՀ–ԵՄ համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիրը ստորագրվել է 2017 թվականի նոյեմբերի 24-ին՝ Բրյուսելում Հայաստանի Հանրապետության և Եվրոպական Միության միջև։  2018 թվականի ապրիլի 11-ին ՀՀ խորհրդարանը միաձայն վավերացրել է համաձայնագիրը։