2018 թ. սեպտեմբերի 20-ին ՀՀ կենտրոնական բանկի Ծաղկաձորի տարածքային դրամարկղային կենտրոնում տեղի է ունեցել «Ֆինանսական դիտարկումների կենտրոնի եւ քրեական հետապնդում իրականացնող մարմինների համագործակցությունը. ՀՀ վավերացրած միջազգային պայմանագրերով նախատեսված գույքի բռնագանձմանն առնչվող որոշ դրույթների իմպլեմենտացումը» թեմայով խորհրդաժողով:

ԿԲ-ից NEWS.am-ին հայտնում են, որ վերջինիս մասնակցում էին Կենտրոնական բանկի ֆինանսական դիտարկումների կենտրոնի, Արդարադատության ակադեմիայի, իրավապահ, դատական համակարգերի, Փաստաբանների պալատի, ՓԼ/ԱՖ դեմ պայքարի քաղաքականության մշակմանը մասնակից այլ իրավասու պետական մարմինների ներկայացուցիչներ:

Խորհրդաժողովին քննարկվել են Ֆինանսական դիտարկումների կենտրոնի եւ քրեական հետապնդում իրականացնող մարմինների գործակցությանն առնչվող հարցեր, այդ թվում՝ միջազգային պրակտիկայում վարչական տիպի ֆինանսական հետախուզության մարմինների կողմից տրամադրվող տեղեկատվությունը որպես հետախուզական տվյալ օգտագործելու առանձնահատկությունները, ՀՀ օրենսդրությամբ փողերի լվացման գործերի հարուցման առիթները եւ հիմքերը, ՖԴԿ վերլուծությունները, դրա իրականացման գործընթացը եւ այլն: Անդրադարձ է կատարվել ՀՀ վավերացրած միջազգային պայմանագրերով նախատեսված գույքի բռնագանձմանն առնչվող որոշ դրույթների իմպլեմենտացմանը: Այդ կապակցությամբ մասնակիցների կողմից կարեւորվել է ծանր եւ առանձնապես ծանր հանցագործությունների դեպքում մեղադրյալի կողմից գույքի օրինականության ապացուցման, առանց մեղադրական դատավճռի հանցավոր ճանապարհով ստացված գույքի բռնագանձման, կալանադրված, առգրավված եւ բռնագրավված գույքի կառավարման մեխանիզմների ներդրման հարցերը:

Մասնակիցները դրական են գնահատել նման քննարկումների կազմակերպումը՝ նշելով խորհրդաժողովի շրջանակներում բարձրացված հարցերի շուրջ գիտելիքների եւ փորձի շարունակական փոխանակման անհրաժեշտությունը: