Իսրայելի պաշտպանության նախարար Ավիգդոր Լիբերմանը հայտնել է, որ ըմբռնմամբ է մոտենում Մոսկվայից հնչող մեղադրանքներին ռուսական Իլ–20 ինքնաթիռի խոցման գործում ներգրավվածության առնչությամբ, բայց կրկնել է, որ տեղի ունեցածի պատասխանատվությունը կրում են սիրիացի զինվորականները, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»–ն։  

«Մենք եւս ցավակցություն ենք հայտնել սիրիացիների կողմից խոցված ինքնաթիռի ռուսական բանակի 15 սպաների զոհվելու առնչությամբ։ Ես խոսել եմ ՌԴ պաշտպանության նախարարի հետ։ Իհարկե, կարելի է հասկանալ նրանց տրամադրությունը այս ժամանակ»,–ասել է Լիբերմանը։

«Ես համաձայն եմ, որ...սա աղետալի դեպք է, բայց դրա համար պատասխանատվությունը կրում է Ասադի բանակը»,–հավելել է նա։

Իլ-20-ը ռադարների տեսադաշտից անհետացել էր Լաթաքիա նահանգի վրա իսրայելական 4 F-16 ինքնաթիռների հարձակման ժամանակ, այս տարածքում գտնվում էր նաեւ ֆրանսիական Auvergne ֆրեգատը: Միջերկրական ծովի երկնքում Իլ-20-ի անձնակազմի հետ կապը կորել էր Սիրիայի ափերից 35 կմ հեռավորության վրա:

ՊՆ տվյալներով, իսրայելական օդաչուները պաշտպանվելով ռուսական ինքնաթիռով՝ նրան Սիրիայի ՀՕՊ-ի հարվածի տակ են դրել: Մահացել է 15 ռուս զինծառայող:

Պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հայտարարել էր, որ ոչնչացված Իլ-20-ի եւ անձնակազմի մահվան մեղքը ամբողջությամբ Իսրայելինն է:

Իսրայելը հերքում է իր մեղքը եւ պատասխանատվությունը դնում է Դամասկոսի, Իրանի եւ Լիբանանի «Հըզբոլլահ» շարժման վրա: