ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հորդորել է Նավթ արդյունահանող երկրների կազմակերպությանը (ՕՊԵԿ) «հենց հիմա» նվազեցնել նավթի գները՝ անվանելով այն մենաշնորհ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»–ն։

«Մենք պաշտպանում ենք Մերձավոր Արեւելքի երկրներին, նրանք չեն կարող երկար ժամանակ անվտանգ լինել առանց մեզ եւ, այնուամենայնիվ, նրանք շարունակում են նավթի գնի բարձրացման հասնել։ ՕՊԵԿ մենաշնորհը պետք է հենց հիմա նվազեցնի գները»,–գրել է նա իր թվիթերյան  էջում։

Ալժիրում սեպտեմբերի 23-ին տեղի կունենա նախարարական կոմիտեի 10 նիստ, կոմիտեի նախարարների հանդիպումներն անցկացվում են 2017 թվականի սկզբից 2 ամիսը մեկ անգամ, երբ սկսեց գործել արդյունահանման սահմանափակման համաձայնագիրը: Կոմիտեի գործառույթն է ՕՊԵԿ+ բոլոր երկրներին նավթի շուկայի համատեղ կարգավորման միջոցառումներ հրահանգել: Այսպես՝ հունիսին Վիեննայում տեղի ունեցած վերջին նիստում այն հրահանգել էր մեղմել գործող սահմանափակումները եւ արդյունահանումը մեծացնել օրական 1 մլն բարելով՝ նկատի ունենալով արդյունահանման անկումը Իրանում, Վենեսուելայում, Մեքսիկայում եւ Լիբիայում: Կոմիտեն նաեւ ամփոփում է գործարքի կատարման ընթացիկ արդյունքները: Հուլիսին համաձայնագիրը կատարվել էր ծրագրածի 109 տոկոսով: