Արցախյան Տիգրանակերտի դեպքում մենք գործ ունենք մեծ, բազմազգ քաղաքի հետ, որտեղ Փոքր Ասիայի, Պարթեւական թագավորության ավանդույթները էական դերակատարում են ունեցել, եւ այս տեսանկյունից մենք այսօր խոսում ենք Տիգրանակերտի ավելի ընդարձակ քաղաքակրթական նշանակության մասին: Սեպտեմբերի 20-ին այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Տիգրանակերտի արշավախմբի ղեկավար, հնագետ Համլետ Պետրոսյանը՝ ներկայացնելով 2018 թվականի պեղումների արդյունքները:

Նրա խոսքով՝ այսօր արդեն կարելի է ճշգրիտ ասել, որ Տիգրանակերտը կայսերական քաղաք էր, որտեղ էին հավաքել տարբեր վայրերից լավագույն տաղանդներին, եւ այս քաղաքը միայն տեղական, հայկական նշանակություն չունի: Եթե պեղումները սկսելիս հետազոտողները ենթադրում էին, որ իրենց հիմնական նպատակը հայկական հետքի որոնումն է, ապա հիմա արդեն իրենց առջեւ ավելի ընդարձակ խնդիր են դնում՝ գնահատել նրա համաքաղաքակրթական նշանակությունը:

«Այսօր մենք բավականաչափ գիտելիքներ ենք կուտակել եւ հույս ունենք, որ առաջիկա 2-3 տարում արդեն կամփոփենք արդյունքները, եւ քաղաքը վեր կհառնի որպես ապրող օրգանիզմ, որտեղ տնտեսությունը, ճարտարապետությունը, մշակույթը կներկայանան որպես միասնական, փոխկապակցված օրգանիզմ»,- ասաց նա:

Հնագետը ներկայացրեց այս ամռան շրջանում կատարված աշխատանքները:

Արեւելյան դամբարանադաշտի պեղումներ

Պեղումները կատարվել են Ռուսաստանից հայ մեկենաս Արտեմ Քոչարյանի միջոցներով (5 մլն դրամ): 400 քառ.մ մակերեով տարածքի պեղումների ընթացքում գտնվել է երեք նոր կարասային թաղում: Կարասներից մեկը դրվագված է ոչ միայն դեկորատիվ նախշազարդերով, այլ դրա վրա պատկերված է շներով, հեծյալներով եւ եղնիկներով որսի տեսարան: Հնագետի խոսքով՝ այս տեսարանը մեզ պատկերացում է տալիս այդ ժամանակների սովորությունների, զենքի եւ այլնի մասին:

Գտնվել է նաեւ արծաթե մետաղադրամ, որը համալրել է Տիգրանակերտի 6 արծաթե մետաղադրամից կազմված  նախկին դրամագիտական հավաքածուն: Մետաղադրամները հստակություն են մտցնում քաղաքի թվագրության մեջ:

Մասնագետի խոսքով՝ վերջին պեղումները հիմք են տալիս Տիգրանակերտը համարելու կարասային թաղումների գլխավոր կենտրոններից մեկը: Սա անչափ կարեւոր է, քանի որ մեր գիտնականների տվյալներով՝ այս տեսակի թաղումները տարածվում են մինչեւ Քուռ գետ: Խորհրդային տարիներին սա ընդունել են նաեւ ադրբեջանցի մասնագետները, սակայն հիմա նրանք պնդում են, որ նման թաղումներ կան նաեւ Քուռ գետի մյուս կողմում

Հյուսիսային պարիսպ

Մասնագետի խոսքով՝ ամբողջ տարածաշրջանում չկա պաշտպանական համալիրի այսպիսի մեկ այլ դասական օրինակ: Պատը կազմված է մեծ թվով ուղղանկյուն եւ կլոր աշտարակներից: Պատի լայնությունը 2,8 մետր է, աշտարակների տրամագիծը՝ 9 մետր, ուղղանկյուն աշտարակների երկարությունը՝  8 մետր: Թվագրվում է մ.թ.ա. 2-րդ դարի սկիզբով: Այսպիսի աշտարակներ կան նաեւ Արտաշատում, սակայն Տիգրանակերտում սա ամենադասական օրինակն է: Հյուսիսային պատի երկարությունը 400 մետր է:

Քաղաքային երկրորդ թաղամաս

Համլետ Պետրոսյանի խոսքով՝ ակնհայտ է, որ Տիգրանակերտն ունի մի քանի բնակելի թաղամասեր: Դրանցից առաջինում պեղումներն անցկացվում են 2010 թվականից, եւ սա դասական հելլենական թաղամաս է՝ ուղիղ երկրաչափական կառուցվածքով: Երկրորդ նման թաղամասն արդեն բացվեց այս տարի. նրանում լավ են պահպանվել կառույցների հատակը եւ պատերը:

Վաղքրիստոնեական հրապարակ

Այս տարի վաղքրիստոնեական հրապարակի պեղումների ժամանակ գտնվել է եկեղեցու բեկոր, որի վրա փորված է հայերեն «Բ» տառը: Քանի որ եկեղեցին թվագրվում է 5-6-րդ դարերով, ապա վստահաբար կարելի է պնդել, որ սա հայկական վիմագրության առաջին օրինակներից մեկն է: Ենթադրվում է, որ վարպետը փորագրել է իր անվան սկզբնատառը:

Համլետ Պետրոսյանը հիշեցրեց, որ Տիգրանակերտում պեղումների ընթացքում մինչեւ հիմա հայտնաբերվել է հայկական գրի ավելի քան տասնյակ նմուշ:

Հնագետի խոսքով՝ այս գտածոն կարեւոր է այն տեսակետից, որ եւս մեկ անգամ ապացուցում է, այսպես կոչված, Աղվանաց եկեղեցու հայկական ծագումը (Արցախի եկեղեցին ընդհուպ մինչեւ 19-րդ դարը կոչվում էր Աղվանաց, մինչեւ Հայ առաքելական եկեղեցուն միանալը):

«Ադրբեջանցի հետազոտողները հաճախ այս տեղանունն օգտագործում են պնդելու համար, որ այս տարածքում գտնված ամեն ինչը հայկական չէ, այլ աղվանական: Սակայն Տիգրանակերտի հայկական գրերը միանշանակ վկայում են այն մասին, որ այս տարածքը ոչ թե պարզապես հայկական է եղել, այն լուրջ ավանդ է ունեցել հայկական գրի տարածման մեջ»,- ասաց Համլետ Պետրոսյանը:

Նա նշեց, որ Տիգրանակերտի ներսում եւ նրա շրջակայքում վաղքրիստոնեական եկեղեցիների տեղադրումը ցույց է տալիս, որ այդ ժամանակաշրջանում այս վայրը կառուցապատվել է Երուսաղեմի նմանությամբ: Հայտնի է, որ վաղքրիստոնեական շատ տիրակալներ ձգտել են իրենց քաղաքները նմանեցնել Սուրբ քաղաքին: Տիգրանակերտի կենտրոնում կա երկու եկեղեցի, ծիսական եւս երկու վայր՝ քաղաքի ծայրամասում միմյանց դեմ դիմաց երկու բլուրների վրա (Սիոնի եւ Գողգոթայի նմանությամբ). այս ամենը վկայում է Աղվանքի թագավորության հիմնադիր Վաչագան Բարեպաշտի ձգտման մասին՝ ապացուցել Երուսաղեմի հետ Աղվանաց եկեղեցու անմիջական կապը՝ այն Հայկականից առանձնացնելով: Այս մասին են վկայում նաեւ Արցախի եկեղեցիներում հայտնաբերված մի քանի դամբարաններ, որոնք արեւելյան մուտք ունեն. այսպիսի մուտք ունի միայն Տիրոջ գերեզմանը: Համլետ Պետրոսյանի խոսքով՝ սա վկայում է այն մասին, որ այդ ժամանակ որոշակի քաղաքական քայլեր են ձեռնարկվել, որպեսզի տեղական եկեղեցին Հայկականից առանձնացվի: Եվ այս փաստն ադրբեջանցի հետազոտողներն իրենց քարոզչությունում շատ հաճախ են օգտագործում:

Գիտական աշխատանք

Հնագետը հայտնեց, որ Տիգրանակերտի հետազոտությունների ընթացքում արդեն պաշտպանվել է 2 թեկնածուական եւ մեկ դոկտորական ատենախոսություն: Պաշտպանության է պատրաստվում չորրորդ աշխատանքը՝ նվիրված Տիգրանակերտի խեցեղենին:

Համլետ Պետրոսյանի խոսքով՝ Տիգրանակերտում հայտնաբերված խեցեղենը շատ լավ որակ ունի, այդպիսի խեցեղեն չկա Հին Հայաստանի եւ ոչ մի խոշոր քաղաքում: «Մեր առջեւ է լավագույն հելլենական ավանդույթներով սնված քաղաք: Ակնհայտ է, որ այս ամենը կազմակերպել է հենց Տիգրան Մեծը, որը հավաքել է Փոքր Ասիայի եւ Հայաստանի լավագույն վարպետներին եւ ճարտարապետներին»: Մասնագետը հավելեց, որ այսօր հնարավոր է հնագիտորեն որոշել, թե որ իրերն են բերովի, բայց հաստատելու համար, որ ինչ-որ իրեր պատրաստվել են տեղական նյութից, անհրաժեշտ է տեղական ապարների անալիզ, եւ այստեղ, ինչպես միշտ, ամբողջ սրությամբ հառնում է ֆինանսների հարցը:

Իր գիտական գործունեության ընթացքում Տիգրանակերտի արշավախումբը լուրջ խոչընդոտների է բախվում ոչ միայն ֆինանսավորման պատճառով, այլ նաեւ Արցախի չճանաչված լինելու: Մասնագետի խոսքով՝ քաղաքականությունը թափանցում է նաեւ ակադեմիական գիտություն, չնայած այդպես չպետք է լինի: Մասնավորապես՝ շատ արտասահմանյան հետազոտողներ, որոնք աշխատում են Տիգրանակերտի արշավախմբի հետ, չեն կարողանում իրենց գիտական կենտրոններից ուղեւորությունների համար ֆինանսավորում ստանալ: Նրանց ուղեւորությունը պետք է վճարի հայկական կողմը, որի միջոցները այդ նպատակի համար չեն բավականացնում:

«Մենք պայմանավորվել ենք գիտաժողով անցկացնել՝ նվիրված, այսպես կոչված, վիճելի տարածքների հնագիտական հետազոտություններին: Նույն իտալացիները ընդարձակ հետազոտություններ են անցկացնում Սիրիայում, սակայն հասկանալի չէ, թե հիմա դրանք ում տարածքն են»,- ասաց նա: