Facebook սոցիալական ցանցը մտադիր է ուժեղացնել կեղծ լուրեր տարածողների դեմ պայքարը, հաղորդում է «Ամերիկայի ձայնը»:

Facebook-ը երկու խոշոր հասարակական կազմակերպությունների հետ` Միջազգային հանրապետական ինստիտուտի եւ Ազգային ժողովրդավարական ինստիտուտի հետ նոր ծրագիր է սկսում: Ծրագրի նպատակն է դադարեցնել համացանցում ապատեղեկատվության տարածումը:

Միեւնույն ժամանակ, Facebook-ը խոստովանում է, որ չնայած ընկերության բոլոր ջանքերին, միլիոնավոր մարդիկ շարունակում են կարդալ կեղծ լուրերը եւ հավատալ դրանք տարածողներին:

Թոմ Ռեյնոլդսը, որը պատասխանատու է ընկերության հաղորդակցային քաղաքականության համար եւ Սամիդ Չակրաբարթին, որը  Facebook-ում ղեկավարում է քաղաքացիական ակտիվության բաժինը, պատմել են, թե ինչպես է սոցցանցը պատրաստվելու Բրազիլիայի առաջիկա նախագահական ընտրություններին եւ ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրություններին:

 Քանի որ սոցցանցում ենթադրում են, որ քվեարկության նախօրեին համացանցում իսկական տեղեկատվական պատերազմ կսկսվի, ընկերությունն արդեն փորձարկել է կեղծ լուրերի հայտնվելուն արձագանքելու համակարգի կարողությունը, որոնք կարող են ազդել ընտրությունների արդյունքների վրա: Խոսքը մասնավորապես կեղծ հայտարարությունների միջոցով քվեարկության նախօրեին մարդկանց մասնակցությունը կրճատելու փորձերի մասին է:

Մեկ այլ թրենինգի ժամանակ ընկերությունում պարզել են, թե ինչպես  սոցցանցը կարող է պայքարել ամբողջ աշխարհում գտնվող տասնյակ էջերի միաժամանակ հայտնվելու հետ, որոնք տարածում են ԱՄՆ-ի ընտրությունների հետ կապված կեղծ տեղեկություններ