ՆԱՏՕ-ի Պաշտպանական կրթության զարգացման ծրագրի եւ ՀՀ պաշտպանության նախարարության միջեւ 2018թ. համագործակցության պլանի համաձայն սեպտեմբերի 17-ից 20-ը ՀՀ ՊՆ Վ.Սարգսյանի անվան ռազմական համալսարանի հրամանատարաշտաբային ֆակուլտետում ՀՀ ՊՆ ռազմաուսումնական հաստատությունների ավագ դասախոսական եւ մեթոդական կազմի ներկայացուցիչների համար ՆԱՏՕ-ի Պաշտպանական կրթության զարգացման ծրագրի փորձագետների կողմից անցկացվել է վերապատրաստման դասընթացի 1-ին փուլը:

Ողջունելով հյուրերին, ՀՀ ՊՆ Վ.Սարգսյանի անվան ռազմական համալսարանի պետի առաջին տեղակալ, գնդապետ Խաչիկ Խաչատրյանը եւ ՀՀ պաշտպանության նախարարության եւ ՆԱՏՕ-ի Պաշտպանական կրթության զարգացման ծրագրի համագործակցության համակարգող Տիգրան Հարությունյանը կարեւորել են ՆԱՏՕ-ի հետ ռազմական կրթության ոլորտում համագործակցությունը եւ մասնավորապես վերոնշյալ միջոցառման անցկացումը, որը միտված է Հայաստանի պաշտպանական գերատեսչության ռազմական ուսումնական հաստատությունների ավագ դասախոսական կազմի փորձի հարստացմանը եւ ռազմական կրթության ոլորտում նոր մոտեցումների ու մեթոդների ներդրմանը:

Քննարկումների ընթացքում արծարծվել են պաշտպանական ու ռազմական կրթության եւ ուսուցման բնագավառում կիրառվող դասավանդման մեթոդիկային, ակտիվ ուսուցման եւ դասընթացի նախագծման մեթոդներին, անհատական մոտեցման ռազմավարությանը, ուսումնական նպատակների նկատմամբ ուսուցման արդյունքների գերակայությանն առնչվող հարցեր:

Վերապատրաստման դասընթացը նախատեսվում է իրականացնել 3 փուլով, ընդհանուր առմամբ` 1.5 տարի տեւողությամբ: