Եթե որեւէ երկրում կա այնպիսի իրավիճակ, երբ խորհրդարանի լուծարումով պետք է կարգավորվի երկրի կյանքը, ուրեմն խորհրդարանը լուծարվում է, եթե չկա այդպիսի իրավիճակ, ուրեմն չպետք է լուծարվի: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 20-ին, Հայաստանի խորհրդարանի 100-ամյակին նվիրված միջոցառման ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախկին նախագահ Տիգրան Թորոսյանը:

Նա հրաժարվեց պատասխանել հարցին, թե արդյոք հիմա այնպիսի իրավիճակ է, որ կա խորհրդարանը լուծարելու անհրաժեշտություն:

Տիգրան Թորոսյանը չցանկացավ պատասխանել հարցերին, թե արդյոք ինքը հարցաքննվել է «Մարտի 1»-ի գործով եւ ինչպես է գնահատում ռոբերտ Քոչարյանի վերադարձը քաղաքականություն՝ ասելով. «Կարծում եմ՝ առիթ կլինի քաղաքական կյանքի մասին խոսելու»:

Անդրադառնալով երկրում ստեղծված իրավիճակին, նա ասաց, որ պետք է ամեն ջանք թափել, որ երկիրը առաջնորդվի Սահմանադրությամբ. «Կա արտահայտություն՝ սահմանադրականություն: Դա այն դեպքերի համար է, երբ կյանքն ու Սահմանադրությունը իրար համապատասխանում են: Կարելի է ունենալ հիանալի, գեղեցիկ Սահմանադրություն, բայց եթե սահմանադրականություն չկա երկրում, այսինքն եթե այդ նորմերը հասարակության զգալի մասի սեփականությունը չեն, եւ հասարակությունը չի համարում, որ այդ նորմերով իր կյանքը պետք է կարգավորվի, այդտեղ ամեն բան խզվում է: Էլ չեմ ասում մնացած բաների մասին, բազմակուսակցական համակարգի կայացման անհրաժեշտության մասին: Ցավոք, շատ անելիքներ կան, որից հետո հնարավոր լինի ասել՝ Հայաստանում քաղաքական համակարգը եւ խորհրդարանը կայացած են»,-ասաց նա:

Հարցին, թե հնարավո՞ր է ձեզ տենսնեք  քաղաքականության մեջ, ԱԺ նախկին նախագահն ասաց. «Գործնականում ոչ, տեսականորեն ամեն ինչ էլ կյանքում հնարավոր է»:

Ինչ վերաբերում է իր քաղաքական գործունեությանը, նա ընդգծեց. «Այն ինչ արել եմ, ի տարբերություն շատ-շատերի, որոնք ՀՀ քաղաքական կյանքում գործել են, եղել է հրապարակային, անկեղծ ու ազնիվ, մնացածը հասարակությունը պետք է գնահատի»: