Լեհաստանը բաց է տնտեսական ոլորտում Հայաստանի հետ համագործակցության համար, սակայն Հայաստանի կառավարությունը պետք է որոշակիացնի, թե ինչը կարելի է նախաձեռնել ընտրություններից առաջ, եւ ինչը՝ հետո։ Այս մասին լեհական Կատովիցա քաղաքում կլիմայի փոփոխման մասին ՄԱԿ 24-րդ համաժողովին նվիրված ճեպազրույցում ասել է Հայաստանում Լեհաստանի դեսպան Պավել Չեպլակը։

Նրա խոսքերով՝ առաջին 5-7 ամիսների ընթացքում նկատվել է ապրանքաշրջանառության 12-13 տոկոս աճ, սակայն, ցավոք, ապրանքաշրջանառության մակարդակն այնքան բարձր չէ, որքան ցանկալի կլիներ։

Դեսպանն ասել է, որ ապրանքաշրջանառության ցուցանիշները ցածր են նաեւ այն պատճառով, որ ոչ բոլոր ապրանքներն են ուղիղ արտահանվում։ Օրինակ, Հայաստանում կան լեհական քաղցրավենիքներ, որոնք այստեղ են բերվում Բելառուսից, իսկ հայկական հյութերը Բուլղարիան է արտահանում Լեհաստան։