Ոչ ոք իրավունք չունի խոսքի ազատության նկատմամբ ոտնձգություն կատարելու՝ կլինի վարչապետ, թե այլ պաշտոնյա՝ ասաց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Միհրան Պողոսյանը այսօր՝ սեպտեմբերի 20–ին, ՀՀ ԱԺ հիմնադրման հոբելյանական միջոցառումից առաջ պատասխանելով լրագրողի հարցին, թե  հարթակից Նիկոլ Փաշինյանի հայտարարություններում արդյո՞ք խոսքի ազատության հանդեպ ոտնձգություն չի տեսնում.

«Ինչ վերաբերում է իմ կարծիքին, թողեք ձեռնպահ ես մնամ այս պատասխանից»,–հավելեց ՀՀԿ պատգամավորը։

Նա պատճառաբանեց, որ մեկնաբանությունները կարող են լինել մասնավոր, իսկ ինքը չի ուզում մասնավոր դեպքերը հանրային դարձնել։

Ասաց, որ «գլոբալ առումով» տեսնում է, որ չի կարելի ազգը տարանջատել սեւ ու սպիտակի. «Սա ծայրահեղություն է, սա կարծում եմ, ձեր հարցի պատասխանն է, որը հնչում է իմ շուրթերից։ Սա մեր ազգն է եւ մենք բոլորս, պաշտոնյաներս, պատասխանատու ենք ազգի համար»։

Հարցին՝ զղջացե՞լ է, որ ընտրել է այդպիսի վարչապետի, Միհրան Պողոսյանը պատասխանեց. «Վարչապետը չի բաժանում ազգը սեւ ու սպիտակի, մեծ հույսեր ունեմ, որ այդպես է, իսկ իմ կատարած քայլերի համար չեմ փոշմանում»։

Խորհրդարանի ինքնալուծարման անհրաժեշտության մասին Միհրան Պողոսյանը ասաց՝ ժամանակը ցույց կտա։

Նա վստահ է, որ 2017 թվականի ընտրությունները մեր պատմության ամենաբաց եւ թափանցիկ ընտրություններն են եղել, իսկ ԱԺ լուծարման հարցը, նրա խոսքով, մոտ ապագայում կքննարկեն։

Երեւանի ավագանու ընտրություններում ո՞ր թիմին է սատարում՝ հարցին, ՀՀԿ պատգամավորը պատասխանեց. «Հիմա դա չեմ բացում, դա մեր թիմի իրավունքն է՝ գաղտնիքը պահելը»։

Նրան հիշեցրին, որ ՀՀԿ մամուլի խոսնակն ասել էր, թե «ՀՀԿ–ի տասովսչիկները հիմա ՔՊ–ի համար են տասովկա անում»։

Միհրան Պողոսյանը պարզաբանեց. «Ես չեմ հասկանում՝ ինչ բան են տասովչիկներ եւ այս հարցին արդեն պատասխանեցի»։

Հարցազրույցի կեսից ՀՀԿ պատգամավորի նյարդերը չդիմացան՝ լրագրողի հարցին սպառնալիքով պատասխանեց. «Խելքդ գլուխդ հավաքի, նորմալ հարցեր տուր»։