Չխաբվեք հարցումների տվյալներով, թե ում որքան ձայն է սպասվում: Այս մասին, «Լույս» դաշինքի նախընտրական քարոզչության ժամանակ, Հյուսիսային պողոտայում ընթացող հանրահավաքում հայտարարեց «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը:

Նա հիշեցրեց Brexit-ի օրինակը, երբ բոլոր հարցումները ցույց էին տալիս, որ անհնար է, որ Մեծ Բրիտանիան դուրս գա ԵՄ-ից, բայց քվեարկությունն այն բան ցույց տվեց: Նույկերպ, բոլոր հարցումները ցույց էին տալիս, որ ԱՄՆ նախագահական ընտրություններում հաղթելու է Հիլարի Քլինթոնը, այդպես էին կանխատեսում նաեւ փորձագետները, բայց ընտրվեց Թրամփը:

«Այսօր մեզ մոտ էլ ժողովրդի հետ մեր հանդիպումները այլ բան են ասում, քան հարցումները: Երեկ պարոն վարչապետը մի լավ բան ասեց, ասաց՝ ոչ մեկի հետ ոչ մի պայմանավորվածություն չկա: Այո, չկա, եւ երեւանցիները սեպտեմբերի 23-ին իրենք են որոշելու, թե ով է Երեւանի քաղաքապետը: Ես կոչ եմ անում բոլոր երեւանցիներին սեպտեմբերի 23-ին գնալ ընտրության եւ ցույց տալ, որ բոլոր հարցումները սխալ են, որ Արտակ Զեյնալյանը պետք է ընտրվի Երեւանի քաղաքապետ»,-ասաց Մարուքյանը: