Բոլոր մտահոգությունները՝ կապված պայմանավորվածության հետ, ըստ որի, ընտրություններում «Լույս» դաշինքը երկրորդն է, թե երրորդն է, ցրվեցին. մենք առաջինն ենք, էդ սրտով են զգում: Այս մասին, «Լույս» դաշինքի նախընտրական քարոզչության ժամանակ, Հյուսիսային պողոտայում ընթացող հանրահավաքում հայտարարեց «Ելք» խմբակցության պատգամավոր Արամ Սարգսյանը:

Նրա խոսքով, «Լույս»-ի քաղաքապետի թեկնածու Արտակ Զեյնալյանի ընտրվելու դեպքում է, որ երկրում առաջացած նոր, արդար մթնոլորտը բացառիկ նոր դրսեւորում կունենա՝ արդար, անկաշառ ընտրության. «Արտակի պարագայում է, որ կհամարվի, որ ընտրություններն անցել են առանց վարչական ռեսուրսի օգտագործման, առանց պետության միջամտության: Այս ընտրություններում բոլորն էլ մերն է, չկա թեկնածու, որի ընտրվելը խաթարելու է արտահերթ ԱԺ ընտրությունների կայացումը, ում ընտրվելու դեպքում ԱԺ-ն կարող է չցրվել, չկա այդպիսի թեկնածու:

Զեյնալյանի ընտրությամբ մեր ժողովուրդը, մեր պետությունը կունենա քաղաքական լիդերի նոր կերպար, իսկ իշխանությունը կունենա դիվերսիֆիկացված մոդել»,-հայտարարեց Արամ Սարգսյանը:

Նա ընդգծեց, որ ճաիշտ էր ասում վարչապետը, որ ձեզնից յուրաքանչյուրի քվեով է ընտրվելու Երեւանի քաղաքապետը. «Ամենակարեւորը քվեն է, չկա նախապես որոշված, նախապես հաղթած թեկնածու: Հաղթած թեկնածուին ընտրելու եք դուք: Արդար ընտրության դեպքում հաղթելու է երկիրը»: