«Իմ քայլը» դաշինքի օգտին քվեարկելով՝դուք քվեարկում եք նաեւ ՀՀ գործող ԱԺ լուծարելու եւ արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու օգտին։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 20–ին, ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ «Իմ քայլը» դաշինքի հանրահավաքի ժամանակ՝ Մերգելյան պուրակի հարակից տարածքում:

«Գործելու է նույն մեխանիզմը, ինչ թավշյա հեղափոխության օրերին։ 2 անգամ ես հրապարակում խնդրել եմ մանդատ՝ բանակցելու ձեր անունից. առաջինը, երբ պիտի բանակցեի Սերժ Սարգսյանի հետ, երկրորդը, երբ պիտի բանակցեի Կարեն Կարապետյանի հետ։

Ասացի, որ բանակցությունները պետք է լինեն Սերժ Սարգսյանի հեռացման եւ իշխանության անցնցում փոխանցման մասին։ Այս ընտրությունների քաղաքական կոնտեքստը հենց դա է եւ ես ուզում եմ ձեր մանդատը ստանալ՝ արտահերթ խորհրդարանական ընտրույթունների ժամի, տեղի հարցում բանակցելու խորհրդարանական ուժերի հետ եւ շատ կարեւոր է, որ տաք շատ հզոր մանդատ, որ գնամ եւ այդ հարցը լուծեմ»,–ասաց վարչապետ Փաշինյանը։

Նա հայտարարեց, որ արտահերթ ընտրությունների հասնելու հարցում ինքն ունի յուրաքանչյուրի քվեի կարիքը եւ հույս ունի, որ «Իմ քայլը» դաշինքի օգտին քվեարկելով՝ իրեն կօժտեն այնպիսի մանդատով, որ շատ արագ գնա եւ այդ հարցը լուծի։

Արտահերթ ընտրությունների հարցը դարձել է ներքաղաքական օրակարգի օրհասական հարցը՝ նկատեց Փաշինյանը։

«Ընտրություններից  հետո, երբ ՀՀ քաղաքացիները, հեղափոխության մայրաքաղաք Երևանի բնակիչները տալիս են իրենց ուժեղ մանդատը, ես դրա վրա հիմնվելով՝ կհրավիրեմ բանակցությունների խորհրդարանական ուժերի ղեկավարներին, ԱԺ նախագահությանն ու խմբակցությունների ղեկավարներին՝ քննարկելու այս հարցը, բայց ինձ համար կարևոր է, որ այս հարցում ունենամ ձեր ուժեղ աջակցությունը»,–ասաց նա։

Նա ասաց, որ այս խորհրդարանը լեգիտիմություն չունի, չի արտահայտում ժողովրդի կամքը եւ ձեւավորվել է համատարած ընտրակաշառքի պայմաններում։

«ՀՀ–ում չի կարող այլեւս այդպիսի ընտրություն լինել եւ այդպիսի պետական կառավարման օրգան եւ ՀՀ քաղաքացին պետք է ունենա իր ազատ կամքով ձեւավորված խորհրդարան»,–ասաց նա եւ հավելեց, որ հաղթող թիմը մեծ պատասխանատվություն է ստանձնելու ։ 

Հաջորդ փուլով արդեն պետք է ուժեղացնեն հանրաքվեների ինստիտուտը: