Եթե դուք կարծում եք, որ պիտի չլիներ մեկ թիմ, պիտի լիներ մեկ թեկնածու եւ մեկ կուսակացություն՝ հեղափոխությունից հետո ու չլիներ մրցակցություն, դա չէր լինի Նոր Հայաստանը, դա կլիներ Սովետական Հայաստանը։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 20–ին ասաց «Ելք» դաշինքի պատգամավոր, «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը ՀՀ ԱԺ 100–ամյակի հոբելյանական միջոցառմանը՝ լրագրողների հետ զրույցում։

Նա վստահեցրեց, որ իրենք մշտապես արտահերթ ընտրությունների կողմնակից են եղել, երբ հեղափոխությունը տեղի է ունեցել, հավաքվել են «Ելք» դաշինքի շտաբում ու քննարկել են, թե հաջոդ ընտրությունը երբ է լինելու, ինքն առաջինը ասել է՝ ինչքան շուտ, այնքան լավ։

«Մեր երկրի քաղաքական ճգնաժամի միակ լուծումը խորհրդարանի լուծարումն է եւ արտահերթ խորհրդարանական ընտրությունները, այդ հարցը ինձ տալու չէ»,–ընդգծեց Արամ Սարգսյանը։

«Ես ասում եմ լուծումներ՝ ինչպես կարելի է հասնել ընտրությունների հնարավորինս մեղմ, առանց ժողովուրդ եւ քաղաքական դաշտ հակադրության. կընդունի Նիկոլ Փաշինյանը այդ լուծումը, շատ լավ, ապրեմ ես, չի ընդունի, կգնա իր ճանապարհով, իր խնդիրն է, պատասխանատուն ինքն է»,–հայտարարեց «Ելք» դաշինքի պատգամավորը։ 

Նա հավելեց, որ Նիկոլ Փաշինյանի ելույթից ամենաէականը այն էր, որ ընտրությունները «զիլինա–զիլինա» խաղալ չէ, այդտեղ կարող է նաեւ մրցակցություն լինել, այդտեղ կարող է նաեւ ընտրական տարբեր մեթոդներ կիրառվել։

«Այս առումով յուրաքանչյուր թիմ ուներ ընտրապայքարի  իր մոտեցումները եւ դա իրացնելով փորձում էր մաքսիմալ շատ քվե վերցնել։ Ի պատիվ մեր թիմի, մենք որեւէ տեխնոլոգիա չենք կիրառել»,–ասաց Արամ Սարգսյանը։