ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, Երևանի քաղաքապետի թեկնածու Նաիրա Զոհրաբյանը դիմել է Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին՝ Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավի ժամանակահատվածում սոցիալական ցանցերում իրեն ուղղված վիրավորական բնույթի և սպառնալիք պարունակող մեկնաբանությունների վերաբերյալ։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի մամուլի ծառայությունից:

Ըստ հաղորդման՝ նշված գրառումներ իրականացնող անձանց թվում են նաև պետական առանձին կառույցների աշխատակիցներ, որոնց որոշ գրառումները, Նաիրա Զոհրաբյանի համոզմամբ, պարունակում են ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված արարքների հատկանիշներ:

Նաիրա Զոհրաբյանի տրամադրած նյութերն ուղարկվել են ՀՀ գլխավոր դատախազություն՝ ստուգում իրականացնելու և համապատասխան վարույթ նախաձեռնելու հարցը լուծելու նպատակով: