Արտակ Զեյնալյանն իմ թեկնածուն է, իմ կարծիքով՝ նա լավագույնն է, և ես նրան եմ ընտրելու: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 20-ին Հյուսիսային պողոտայում ընթացող «Լույս» դաշինքի հանրահավաքից հետո NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց  ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար, «Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամ Մանե Թանդիլյանը:

Անդրադառնալով քարոզարշավի ընթացքում քաղաքական ուժերի միջև առաջացած լարվածությանը՝ Թանդիլյանն ասաց. «Ես կարծում եմ, որ զբաղված, աշխատող, մտածող և խելացի մարդիկ այսօր հրաշալի ընտրության հնարավորություն ունեն և իրենք հրաշալի կարողանում են տարբերակել, թե ինչ է կատարվում և գիտեն՝ ինչպես վարվել նման իրավիճակում: Ես ապավինում եմ այդ մարդկանց. կարծում եմ՝ այդ մարդկանց թիվն ավելի շատ է մեր հասարակության մեջ և իրենք կարողանալու են այդքան անհասկանալի և իրարամերժ տեղեկատվության միջից ընտրել ճիշտը, արդարը, ընտրել Արտակ Զեյնալյանին»:

Դիտարկմանը, թե հնարավո՞ր է քարոզարշավի ընթացքում ստեղծված լարվածությունը հասնի նրան, որ համաձայնության կառավարության մաս կազմող իրենց թիմի անդամներն, այդ թվում՝ ինքը, դուրս գան կառավարությունից:

«Կառավարության մաս չկազմելը ես տեսնում եմ միայն աշխատանքի թերացման, ոչ լավ կառավարելու, ոչ լավ աշխատելու պարագայում: Որևէ այլ պարագայում ես չեմ կարծում, որ կան հիմքեր այդ մասին խոսելու համար: Այն բոլոր նախարարները, ովքեր զբաղված են աշխատանքով, շատ լավ գիտեն, թե դա ինչ է խլում իրենցից, որ դա որևէ կերպ արտոնություն չէ, որ այդ ամենը պարտականություն է, օրական 24-ժամյա աշխատանքային ռեժիմ, այնպես որ՝ տեղին չէ այստեղ փնտրել լրացուցիչ լարվածություն»,- հավելեց նախարարը:

Հարցին՝ կա՞, արդյոք, լարվածություն Փաշինյանի հետ հարաբերություններում, Թանդիլյանը պատասխանեց. «Ո՛չ, չկա»:

Հիշեցնենք, որ օրեր առաջ «Լույս» դաշինքի առաջնորդ, «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը հայտարարել էր, որ վիրավորված է վարչապետ Նիկոլ Փաշինյանից՝ ասելով, որ եթե խնդիր ունեին՝ թող իրենց հետ «գործ չբռնեին»:

«Լույս» դաշինքը միավորում է «Լուսավոր Հայաստան» եւ «Հանրապետություն» կուսակցությունները: Դաշինքն արտահերթ ընտրություններում առաջադրել է ավագանու 111 թեկնածու: Երեւանի ավագանու ընտրությունները տեղի են ունենալու սեպտեմբերի 23-ին: