ԱՄՆ Պետքարտուղար Մայքլ Պոմպեոն այսօր շնորհավորական ուղերձ է հղել հայ ժողովրդին` պետականության վերականգնման 27-ամյակի կապակցությամբ:

Իր ուղերձում պետքարտուղար Պոմպեոն նաև շնորհավորել է հայ ժողովրդին` Հայաստանի առաջին Հանրապետության ու հայ-ամերիկյան երկկողմ հարաբերությունների հարյուրամյակի կապակցությամբ, որոնք նույնպես նշվում են 2018 թվականին:

Պետքարտուղար Պոմպեոն բարձր է գնահատել խաղաղ ժողովրդավարական շարժումը, որը հանգեցրեց Հայաստանում իշխանափոխության ու նոր էջ բացեց հայոց պատմության մեջ:

«Ես պատրաստակամ եմ աշխատելու հայ ժողովրդի ու Հայաստանի կառավարության հետ ամուր ժողովրդավարական ինստիտուտների կայացման, կոռուպցիայի դեմ պայքարի և տնտեսական աճի խթանման ուղղություններով: Ամերիկայի Միացյալ Նահանգները նաև շարունակում է հավատարիմ մնալ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը և կոչ է անում կողմերին հնարավորինս սեղմ ժամկետներում վերսկսելու ինտենսիվ բանակցությունները», - ասված է պետքարտուղար Պոմպեոյի ուղերձում: