Այս րոպեներին Երեւանում բացվում են ընտրական տեղամասերը, որտեղ մայրաքաղաքի բնակիչները պետք է կատարեն իրենց քաղաքական ընտրությունը։ Երեւանի ավագանու՝ մայրաքաղաքի ներկայացուցչական մարմնի արտահերթ ընտրությունները նշանակվեցին այն բանից հետո, երբ քաղաքապետ Տարոն Մարգարյանը հրաժարական տվեց նոր իշխանությունների ճնշման ներքո։ Նախկին իշխող Հանրապետական կուսակցությունն այս ընտրություններին չի մասնակցում։ Երեւանի ավագանու կազմում կընտրվի 65 մարդ։ Քաղաքական ուժը, որը ընտրությունների արդյունքներով կստանա մանդատների 40 տոկոսը (այդ թվում անցողիկ շեմը չհաղթահարածների հաշվին), բոնուսի հաշվին կտիրապետի տեղերի բացարձակ մեծամասնությանը եւ կնշանակի Հայաստանի մայրաքաղաքի նոր քաղաքապետին։ Երեւանի քաղաքապետի պոտենցիալ թեկնածուները ընտրություններին մասնակցող կուսակցությունների եւ դաշինքների համամասնական ցուցակները գլխավորող անձինք են։

Մայրաքաղաքի ընտրություններին մասնակցում են 12 քաղաքական ուժեր, որոնք քվեաթերթիկներում դասավորված կլինեն այբբենական կարգով՝ «Բարգավաճ Հայաստան» (ցուցակը գլխավորում է ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր, ԱԺ Եվրոպական ինտեգրացիայի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը), «Երեւանի հասարակություն» դաշինք («Ռադիո հայ» ՍՊԸ-ի տնօրեն Անահիտ Թարխանյան), «Երեւանցիներ» դաշինք (ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր, ՀՀՇ կուսակցության նախագահ Արարատ Զուրաբյան), «Երկիր ծիրանի» կուսակցություն (նրա ղեկավար Զարուհի Փոստանջյան), «Ժառանգություն» կուսակցություն (նրա հիմնադիր, անկախ Հայաստանի առաջին ԱԳ նախարար Րաֆֆի Հովհաննիսյան), «Դեմոկրատական ուղի» կուսակցություն (նրա ղեկավար Մանուել Գասպարյան), «Իմ քայլը» դաշինք (կատակերգու դերասան Հայկ Մարության՝ «Կարգին Հայկո», նրան սատարում է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը), «Լույս» դաշինք (Փաշինյանի կառավարությունում արդարադատության նախարար Արտակ Զեյնալյան), Հայ Հեղափոխական դաշնակցություն (բնապահպանության նախարարության Անտառային տնտեսության ղեկավար Միքայել Մանուկյան), «Հայք» (Գեւորգ Հովսեփյան), Ռեֆորմիստների կուսակցություն (Արտակ Ավետյան) եւ «Օրինաց երկիր» (Մհեր Շահգելդյան)։

Ընտրական տեղամասերը բաց կլինեն մինչեւ 20․00-ն՝ երեւանի ժամանակով (Մոսկվայի ժամանակից մեկ ժամ առաջ է)։ Հաշվի առնելով, որ Երեւանում ընտրատեղամասերը մեծ են, ընտրությունների առաջին նախնական արդյունքները պարզ կլինեն կեսգիշերից հետո։

Փորձագետների կարծիքով՝ Երեւանի ավագանու արտահերթ ընտրությունները կդառնան առաջին լուրջ ներքաղաքական փորձությունը թավշյա հեղափոխության առաջնորդ, վարչապետ Նիկոլ Փաշինյանի համար՝ հատկապես հաշվի առնելով այն հանգամանքը, որ մայրաքաղաքում է ապրում հանրապետության ընտրողների ավելի քան 1/3-ը։