Միջազգային քաղաքականության մեջ «Վրացական երազանքի» գլխավոր առաջնահերթությունն են 2 ուղղություն՝ Վրաստանը պետք է անպայման դառնա Եվրամիության եւ ՆԱՏՕ-ի լիարժեք անդամ: Այս մասին ասել է Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն, փոխանցում է «Վրաստան-օնլայնը»:

«Սա մեր փիլիսոփայությունն է, մեր առաջնահերթությունները եւ, միաժամանակ, հենց սա է վրացի ժողովրդի կամքը»,- նշել է Վրաստանի վարչապետը:

Բախտաձեն ավելի վաղ հանդիպել էր ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի հետ: Հանդիպման արդյունքներն ամփոփելով՝ Պետքարտուղարության ներկայացուցիչ Հիզեր Նաուերթը նշել էր, որ Պոմպեոն հաստատել է ԱՄՆ-ի եւ Վրաստանի միջեւ երկկողմ հարաբերությունների հաստատունությունը: «Մենք անհամբերությամբ սպասում ենք, որ մի օր Վրաստանին կտեսնենք ՆԱՏՕ-ում»,- նշել է նա:

«ԱՄՆ-ն շարունակում է աջակցել երկրի ինքնիշխանությանը, անկախությանը եւ տարածքային ամբողջականությանը միջազգայնորեն ճանաչված սահմաններում, եւ ԱՄՆ-ն կշարունակի նպաստել Վրաստանի՝ իրավունքի գերակայության եւ հաշվետու կառավարման ամրապնդման ջանքերին»,- հայտարարել էր ԱՄՆ Պետքարտուղարության մամուլի քարտուղարը: