Նախընտրական քարոզարշավի ընթացքում արձանագրվել են որոշ խախտումներ, որոնցով այժմ զբաղվում են իրավապահ մարմինները: Չնայած դրան, առաջիկա ընտրությունները կարելի է համարել մեծ քայլ առաջ, հատկապես, եթե դրանք համեմատենք նախորդների հետ: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Ժառանգություն» կուսակցությունից Երեւանի քաղաքապետի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը:

 «Մարդիկ կկարողանան արտահայտել իրենց դժգոհությունը, եթե ցանկանան, բայց ոչ ոք չի կարող ասել, որ իրենցից  գողացել են այս ընտրությունները», - ասաց թեկնածուն:

Նրա խոսքով, բովանդակալից իմաստով, առաջիկա ընտրություններին մասնակցող ուժերը հավասար պայմաններում չեն եղել, դատավարական իմաստով նրանք ընդհանուր առմամբ հավասար էին: Սակայն իրապես  հավասար ընտրությունների մասին, ըստ Հովհաննիսյանի, կարելի է խոսել 4-5 տարի անց, երբ երկրում քաղաքական իրավիճակը կկայունանա:

Խոսելով քարոզարշավի ընթացքում արձանագրված խախտումների մասին, Րաֆֆի Հովհաննիսյանը նշեց, որ իր գործընկերները քաղաքացիներից դժգոհություններ են ստացել որոշ մրցակից կուսակցությունների ցուցակների կազմման, նախընտրական կաշառքներ տարածելու փորձերի մասին: Այս ամենի վերաբերյալ «Ժառանգության» անդամները, ըստ Րաֆֆի Հովհաննիսյանի, իրավապահներին տեղեկացրել են:

Ամփոփելով «Ժառանգության» նախընտրական քարոզարշավի արդյունքները, Րաֆֆի Հովհաննիսյանը նշեց, որ այն նորմալ է  անցել, այս 12 օրվա ընթացքում չհասցրեցին անել այն ամենը, ինչ ուզում էին: Քարոզարշավի ընթացքում բազմաթիվ հանդիպումներ եղան Երեւանի բնակիչների հետ, շատ խոսվեց քաղաքի խնդիրների մասին:

Պատասխանելով հարցին, թե որ քաղաքական ուժերը, ըստ նրա, կհայտնվեն Երեւանի ավագանիում, Րաֆֆի Հովհաննիսյանը նշեց, որ դրանք կլինեն այն ուժերը, որոնց ժողովուրդը կընտրի: Իսկ ինքն, արդեն գիտի, թե ում օգտին է  քվեարկելու: Բայց չի ասի: