Մենք արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու ջատագովներն ենք. անխուսափելիորեն պետք է անցկացվեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 21-ին, «Եռաբլուր» պանթեոնում լրագրողների հետ զրույցում նշեց «Լույս» դաշինքի քաղաքապետի թեկնածու Արտակ Զեյնալյանը:

Նա նշեց, որ Երեւանի ավագանու ընտրությունների քարոզարշավը մրցակցային էր. «Իհարկե, կային բացասական էլեմենտներ, հուսանք մյուս ընտրությունների քարոզարշավների ժամանակ դրանք ամբողջությամբ կհարթենք: Մրցակցային ընտրությունների մասին է վկայում 13 կուսակցությունների ու դաշինքների գրանցումը, ցուցակների առատ լինելը, այդ ցուցակներում տեղ զբաղեցնելու համար վեճերը, բանավեճերը, նեղացածությունը մի մարմնի համար, որտեղ ավագանին անվարձահատույց է աշխատում:

Սա հեղափոխության կապիտալիզացիայի տարրերից է: Դրա համար նաեւ մենք ենք աշխատել, «Ելք» դաշինքի պատգամավորներս, ավագանու անդամներս, ստեղծել ենք տեսլական, ստեղծել ենք ճաշակ, ստանդարտ ենք սահմանել, եւ դա հետաքրքրում է երիտասարդներին»,-հայտարարեց Զեյնալյանը:

Ինչ վերաբերում է քաղաքական ուժերի միջեւ առաջացած լարվածությանը, Զեյնալյանն ասաց. «Մենք խաղաղ ու հանդարտ ենք մեր հզորությանը համարժեք, մեծահոգի ու վեհանձն: Ես հավատում եմ մեր զգացողությանն ու հարցումներին, մենք հաղթելու ենք»:

Նա անդրադարձավ նաեւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե եթե ժողովուրդը քվեարկում է «Իմ քայլը» դաշինքի օգտին, ապա քվեարկում են արտահերթ ընտրությունների օգտին՝ նշելով. «Մենք ավելի վաղ ենք հայտարարել, որ Հայաստանին պետք են արտահերթ խորհրդարանական ընտրություններ քաղաքական ճգնաժամը հարթելու համար: Չեմ կարծում, թե կա որեւէ քաղաքական ուժ, որին ձայն տալով մարդիկ դեմ են քվեարկում արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելուն: Մենք արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու ջատագովներն ենք: Անխուսափելիորեն պետք է անցկացվեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ»: