Մարտի 1-ի իրադարձությունների բոլոր մեղավորները պետք է պատասխանատվություն կրեն օրենքի ողջ խստությամբ՝ լինեն նրանք գործող կամ նախկին պաշտոնյաներ, իշխող կամ ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչներ, իրավապահ մարմինների ներկայացուցիչներ կամ քաղաքացիականներ։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Երեւանի քաղաքապետի թեկնածու, «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը։

Նրա խոսքերով՝ ԱԱԾ ղեկավար Արթուր Վանեցյանի եւ ՀՔԾ ղեկավար Սասուն Խաչատրյանի հեռախոսազրույցի գաղտնալսումներն ինքը դիտավորյալ չի լսել, իսկ դրանց հրապարակումը համարում է լուրջ հարված երկրի պետականությանը եւ ազգային անվտանգությանը։

«Ժառանգության» ղեկավարը նաեւ նշեց, որ հուսով է, թե բոլորը, ովքեր կանգնած են այս պատմության հետեւում, շուտով կգտնվեն եւ կպատժվեն, իսկ հետագայում նման իրադարձությունները կարելի կլինի կանխել «ինստիտուցիոնալ գործողությունների» օգնությամբ։

Ինչ վերաբերում է մարտի 1-ին, ապա Հովհաննիսյանի խոսքերով՝ բոլորն, ովքեր կարող են որեւէ բան պատմել դրանց մասին, անպայման պետք է հարցաքննվեն, և յուրաքանչյուրը պատասխանատվության ենթարկվի իր գործունեության կամ՝ անգործության համար։