Սիրիայի տարբեր շրջաններում տեղակայված ՀՕՊ ուժերն անկանոն կրակ են բացել տարբեր ուղղություններով միայն 40 րոպե անց այն բանից հետո, երբ Իսրայելի ինքնաթիռները հարվածում էին Լաթաքիայում ռազմական օբյեկտների վրա։ Այդ կրակոցների եւ ռուսական ու սիրիական զինվորականների միջեւ չհամաձայնեցված գործողությունների հետեւանքով է կործանվել ԻԼ-20-ը։ Այս տեղեկատվությունը, որը ներառված է ՌԴ պաշտպանության նախարարությանը ներկայացված Իսրայելի ՊԲ զեկույցի մեջ, հայտնում է The Times of Israel պարբերականը։

Զեկույցում հերքվում է նաեւ ՌԴ ՊՆ այն մեղադրանքը, թե Իսրայելը ավիագրոհից մեկ րոպե առաջ է զգուշացրել այդ մասին ռուսական զինվորական հրամանատարությանը։

The Times of Israel-ի տեղեկացմամբ՝ ե՛ւ Ռուսաստանը, ե՛ւ Իսրայելը հայտարարել են, որ հենց Դամասկոսն է մեղավոր ինքնաթիռի կործանման համար, թեեւ Մոսկվան այս օրերին հրապարակայնորեն դեպքի համար մեղադրում է Իսրայելին։

Մոսկվան որեւէ կերպ չի մեկնաբանում նշված զեկույցում առկա փաստերը։