Ադրբեջանի կողմից Հայաստանի սահմանին հրահրած լարվածությունը բացարձակապես անընդունելի է եւ արժանի է դատապարտման: Այս մասին Հայաստանի Հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը:

«Հայաստանը եւ Արցախը պատրաստ են պաշտպանվել եւ դա ինքնուրույն են անում: Միեւնույն ժամանակ Հայաստանը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ է դրանից բխող բոլոր հանգամանքներով: Մասնավորապես, կանոնադրությամբ գոյություն ունի միմյանց օգնելու պարտավորություն:

Մենք իրավիճակի վերաբերյալ անդամ պետություններին տեղեկացրել ենք: Կանոնադրության համապատասխան դրույթների կիրառումը կլինի այն ժամանակ, երբ մենք պնդենք այդ մասին», - պարզաբանել է նախարարը:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Հայաստանը տեղեկացրել է ԵԱՀԿ-ին եւ ՀԱՊԿ-ին, սակայն չի դիմել օգնության համար: Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը նախօրեին հանդես էր եկել հայտարարությամբ՝ կոչ անելով դադարեցնել գնդակոծությունները:

Ադրբեջանական կողմն արդեն մի քանի շաբաթ է գնդակոծում է հայկական գյուղերը եւ ԶՈՒ դիրքերը: Մեկ խաղաղ բնակիչ է վիրավորվել, զոհվել է պայմանագրային ծառայող: