ԱՄՆ-ի հետ համագործակցության բավական լայն օրակարգ ունենք, այն մեր կարեւորագույն գործընկերներից է: Այս մասին Հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը:

Նախարարը հիշեցրել է, որ ԱՄՆ-ն ողջունել է Հայաստանի իրադարձությունները՝ ուղղված ժողովրդավարության եւ մարդու իրավունքների զարգացմանը: «Դա արժեքների հաստատում է»,- նշել է Մնացականյանը՝ մեկնաբանելով Հայաստանի Անկախության տոնի առիթով ԱՄՆ ղեկավարի՝ հայ գործընկերներին ուղղված անսպասելի ջերմ ուղերձը:

Պատասխանելով հարցին, կարելի՞ է սա դիտարկել որպես հարաբերությունների նոր՝ ավելի դինամիկ փուլի սկիզբ, նախարարը հայտարարել է, որ հարաբերությունները հետեւողականորեն զարգանում են, մեծ օրակարգ կա:

Զոհրաբ Մնացականյանն ընդգծել է արցախյան հիմնախնդրի բանակցային գործընթացում ԱՄՆ-ի դերը. «Մեր դիրքորոշումը հայտնի է. մենք հավատարիմ ենք հակամարտությունը բացառապես խաղաղ ճանապարհով կարգավորելուն: Ռուսաստանի եւ Ֆրանսիայի հետ միասին ԱՄՆ-ի ջանքերը զգալի են: Մենք պատրաստ ենք կառուցողական հունով աշխատանքները շարունակելուն»,- նշել է նախարարը:

Ինչ վերաբերում է ԱՄՆ Գլխավոր վեհաժողովի շրջանակում Փաշինյան-Թրամփ հանդիպման հնարավորությանը՝ նախարարը բավական մշուշոտ պատասխան է տվել՝ հայտարարելով, որ նման հանդիպման հիմքերը նախապատրաստվում են, որպեսզի այն կայանա եւ արդյունավետ ու բովանդակային լինի: