Համայնքներում հակակարկտային կայաններ են տեղադրված, ես հանձնարարել եմ հետաքրքվել՝ ի՞նչն է պատճառը, որ դրանք չեն աշխատել: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 22-ին աշխատանքային այցով Արարատի մարզում գտնվող ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է մարզպետարանում համայնքների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ:

«Գնացին, եկան, ասացին՝ պարզապես լիցքավորված չեն եղել այդ կայանները»,- դիմելով Սուրենավանի համայնքապետին՝ ասել է Փաշինյանը: Համայնքապետն արձագանքել՝ մեկը գողացած է եղել:

Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը, սակայն, հակադարձել է. համայնքում 4 հակակարկտային կայան կա. «Համայնքում կա 4 հակակարկտային կայան, որից 3-ը լիցքավորված են եղել, 4-րդը, ձեր փոխանցում չկատարելու եւ դեռ նախորդ տարվանից կուտակված պարտքերի պատճառով, լիցքավորված չի եղել: Երեքն աշխատել են եւ ամբողջ ամպն ուղղել այդ 4-րդի հատվածում: Դա էլ, չաշխատելու պատճառով, ջարդվել է 120-130 հեկտար ծիրանի այգիների գլխին»,- պնդել է մարզպետը:

Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ կայանները, փաստորեն, տեղադրվում են, բայց չեն աշխատում, գումարներն էլ մսխվում են:

«Հետո էլ ասում են՝ եկեք հրթիռ առնենք: Վաղը հրթիռ կառնենք, կասեն՝ սրանք էլ չեն աշխատում, որովհետեւ հրթիռի մի մասը հանել, ծախել են: Հիմա, օրինակ, Ձեր գյուղի ժողովուրդն ակնկալում է, որ կառավարությունն իրեն կարկտահարման դիմաց պետք է փոխհատուցում տա: Իսկ չեք կարծո՞ւմ, որ Դուք պետք է փոխհատուցում տաք, որովհետեւ Ձեր աշխատանքը նորմալ չեք արել: Ամեն ինչ արվում է, որ կարկուտը գա, դաշտերը ջարդի, հետո էլ ասեն՝ կառավարություն, փոխհատուցիր: Սա ի՞նչ աշխատանքի ձեւ է»,- ասել է վարչապետը: