Պետք է լինել հետեւողական եւ թույլ չտալ, որպեսզի ավտոբուսներով, ԳԱԶել-ներով կամ այլ փոխադրամիջոցներով ընտրողների բերեն ընտրատեղամասեր եւ ուղղորդեն: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 22-ին ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը հայտարարել է ոստիկանության Երեւան քաղաքի վարչության ենթակա ստորաբաժանումների ղեկավար կազմի հետ օպերատիվ խորհրդակցության ժամանակ:

Ոստիկանության մամուլի ծառայության փոխանցմամբ՝ խորհրդակցության նպատակն էր Երեւանի ավագանու ընտրություններից առաջ ստորաբաժանումների ղեկավարներին տալ վերջին ցուցումները ընտրական տեղամասերում ծառայության նշանակված վերակարգերի վերաբերյալ: Օսիպյանը նշել է, որ դրական է գնահատում նախնտրական փուլում կատարված աշխատանքը:

«Եթե նախկինում քարոզարշավների ժամանակ շտաբների մոտ լինում էին ծեծկռտուքներ, կրակոցներ, ապա այս տարի նման դեպքեր չեն արձանագրվել, եւ դա խոսում է ոստիկանության պատշաճ ծառայության մասին»,- ասել է ոստիկանության պետը:

Վալերի Օսիպյանը շեշտել է, որ այս ընտրությունները լուրջ փորձություն են, եւ ոստիկանությունը պետք է կարողանա պատվով կատարել օրենքով սահմանված իր լիազորություններն ու խնդիրները:

Ոստիկանապետը հիշեցրել է, որ արգելվում է քվեարկության օրը տեղամասային կենտրոնին հարող տարածքում մինչեւ 50 մետր շառավղով խմբերով հավաքվելը, մեքենաների կուտակումը, եւ նման դրսեւորումները պետք է բացառել՝ անկախ նրանից, թե ովքեր են այդ մարդիկ, ինչ պաշտոն կամ կուսակցական պատկանելություն ունեն:

Օսիպյանը հայտարարել է, որ չպետք է հանդուրժել ընտակաշառքի կամ ընտրական կեղծարարության որեւէ դրսեւորում, պահանջել է զգոն լինել նմանօրինակ դրսեւորումների չեզոքացման նպատակով եւ ընդծել, որ այս հարցում անգործություն ցուցաբերած ոստիկանության ծառայողները իրենց վերադասների հետ կպատժվեն խստագույնս։

«Հարկավոր է լինել, սկզբունքային, խիստ: Օրենքի առաջ բոլորն են հավասար»,- ասել է ոստիկանության պետը: