ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Արարատի մարզում հանձնարարել է մեկամսյա ժամկետում ներկայացնել լոլիկի արտադրության քանակի վրա էականորեն ազդող ցեցի դեմ պայքարի ծրագիր: Նրա խոսքով՝ նախորդ տարի մարզում լոլիկի բերքը եղել է 116.484 տոննա, իսկ այս տարի՝ 35.000 տոննայով պակաս։

Վարչապետը հետաքրքրվել է, թե ո՞րն է նման տարբերության պատճառը. «Այս տարի լոլիկի հետ ի՞նչ տեղի ունեցավ»։

Գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանը նշել է, որ անոմալ շոգերն են եղել բերքի սակավության պատճառը:

Դարակերտի համայնքապետն էլ այլ պատճառ է նշել. խնդիրն ամերիկյան ցեց վնասատուն է, որով 5 տարի առաջ դաշտերը վարակվել են, եւ հիմա դրա դեմ չեն  պայքարում: Ասել է՝ այդ վնասատուի պատճառով այժմ բաց դաշտում լոլիկ չեն աճեցնում, միայն փակ գրունտում է լոլիկ աճեցվում։

«Հիմա ազնիվ մեր ցեղը կորչելո՞ւ է զուր տեղը: Հայաստանում էլ լոլիկ չի աճեցվելո՞ւ»,- ասել է Փաշինյանը եւ հետաքրքրվել, թե ցեցի դեմ պայքարի ի՞նչ միջոցառումներ են կատարվում:

Գյուղնախարարը նշել է, որ դժվարանում են որեւէ բան անել, քանի որ բաց դաշտում բարդ է վնասատուին ոնչացնելը:

«Սննդի անվտանգության տեսչական մարմնին հանձնարարական ենք տվել, նաեւ Պարենի եւ Գյուղատնտեսության կազմակերպության հետ ենք խոսել, քննարկում ենք ունեցել խոշոր աճեցնողների եւ մթերողների հետ: Սակայն նրանք դժվարանում են որեւէ բան ասել, քանի որ բաց տարածություն է, ցեցը նորից հայտնվում է: Ջերմոցներում պայքարի արդյունավետ միջոցներ կան, բայց դաշտերում բարդ է դրանց ոչնչացնելը: Էական միջոցներ է պահանջում»,- ասել Արթուր Խաչատրյանը:

Վարչապետը հանձնարարել է պլան մշակել, որպեսզի մյուս տարի այս խնդիրը չլինի:

«Հավաքեք բոլորին, թող 1-ամսյա ժամկետում կոնկրետ պլան ներկայացնեն, թե ինչ ենք անելու, որ մյուս տարի այս խնդիրը չունենանք: Մենք 5 տարվա արդյունքում չենք հասկացել, թե խնդիրն ինչպես ենք լուծելու: Եթե այսպես շարունակվի, մյուս տարի լոլիկ առհասարակ չենք ունենա եւ ստիպված կլինենք ներմուծել»,- ասել է Նիկոլ Փաշինյանը։