Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 22-ին Արարատի մարզ կատարած իր այցի շրջանակներում եղավ «Արարատի գինու գործարանում»։

Լրագրողների հետ զրույցում գործարանի փոխտնօրեն Հարություն Սարգսյանը պատմեց, որ իրենց արտադրանքը հիմնականում արտահանվում է Ռուսաստան եւ ԱՊՀ երկրներ։ Ռուսաստանում առավել մեծ համբավ են վայելում գործարանի արտադրության մրգային օղիները՝ թթի, ծիրանի, նռան, սալորի։ «Մենք թողարկում ենք նաեւ ազնվամորու օղի։ Ունենք ազնվամորու 2 հա տարածքով սեփական այգիներ, գործարանի սեփականության մեջ կա նաեւ 30 հա ծիրանի այգի եւ 100 հա՝ խաղողի»,- հայտնեց փոխտնօրենը։

«Արարատի գինու գործարան» ՍՊԸ-ն հարուստ պատմություն ունի։ Բավական է ասել, որ գործարանը հիմնվել է 1903թ։ Այսօրվա դրությամբ լրացուցիչ տարածքի անհրաժեշտություն կա, ինչը դրական կազդի արտադրանքի որակի եւ քանակի վրա, կստեղծի նոր աշխատատեղեր՝ դրանով իսկ ավելացնելով հարկերի մուծումը։

Վերջին 8-10 տարիների ընթացքում խաղողի մթերման ծավալները աննախադեպ աճ են գրանցել եւ հասնում են 14-18 հազար տոննայի, իսկ իրացման ծավալը՝ 4-7 միլիոն շշի։ Ծրագրվում է մեծացնել հումքի պահպանման ծավալները եւ հնարավորությունները։ Աշխատանքներ են տարվում ԱՊՀ-ի եւ Եվրոպայի շուկաներում դիրքերի ամրապնդման համար։ Բացի այդ, ծրագրվում է ստեղծել ֆերմերների աջակցության ծառայություն՝ առավել որակյալ արտադրանք ստանալու նպատակով։

2012 թվականից գործարանը նշված է ISO 22000 միջազգային ստանդարտում։