Ավելի քան 400 աշակերտներ՝ Երեւանից եւ Հայաստանի 4 մարզերից, սեպտեմբերի 29-ին կայցելեն «Ա․ Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա» (Ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտ), որտեղ նրանք կարող են հետեւել փորձերին, որոնց մասին մինչեւ հիմա միայն դասագրքերում են կարդացել։ Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Ա․ Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա» հիմնադրամի տնօրեն Անի Ապրահամյանը։

Հայաստանի դպրոցներում եւ համալսարաններում, ցավոք, առայժմ չկան բոլոր այն սարքավորումները, որոնք անհրաժեշտ են ֆիզիկայի խորը ուսումնասիրության համար։ Սակայն աշակերտները եւ ուսանողները կարող են Հայաստանի եւ մի շարք այլ երկրների գիտնականների հսկողությամբ աշխատել «Ա․ Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիայի» սարքվորումներով։

Սեպտեմբերի 29-ին առավոտյան 10-ից մինչեւ երեկո լաբորատորիան բաց կլինի դպրոցականների, ուսանողների եւ բոլոր ցանկացողների համար։

Հիշեցնենք, որ «Ա․ Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիան» եղբայրներ Աբրահամ եւ Արտեմ Ալիխանյանների կողմից հիմնադրվել է 1944 թ․՝ որպես Երեւանի պետական համալսարանի մասնաճյուղ։ Այն ժամանակ կոչվում էր Երեւանի ֆիզիկայի ինստիտուտ, որն էլ 2011թ․ վերանվանվեց «Ա․ Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա» (ԱԱԳԼ)։

Վերջերս լաբորատորիայի տնօրեն է նշանակվել համաշխարհային ճանաչում ունեցող ֆիզիկոս, մի շարք եվրոպական երկրների գիտական կազմակերպությունների անդամ Անի Ապրահամյանը։