ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Գերմանիա կատարած իր այցի ժամանակ անձամբ հավաստիացրել էր, որ Ռուսաստանը իր վրա կվերցնի «Հյուսիսային հոսք-2» գազատարի կառուցումը, եթե արեւմտյան ներդրողները հայտնվեն ամերիկյան պատժամիջոցների սպառնալիքի ներքո՝ տեղեկացնում է Süddeutsche Zeitung-ը։

Գազատարի կառուցմամբ զբաղվում են Nord Stream 2 AG կոնսորցիումը, որի մեջ, բացի «Գազպրոմ»-ից, ներառված են արեւմտյան ներդրողներ, այդ թվում՝ գերմանական Uniper, ֆրանսիական Engie, ավստրիական OMV, բրիտանա-նիդեռլանդական Royal Dutch Shell կոնսորցիումները եւ BASF Wintershall խմբի դուստր-ընկերությունը։ Սակայն հենց «Գազպրոմ»-ին է պատկանում համատեղ ձեռնարկության 51 տոկոսը։

Արեւմտյան ներդրողների դեմ պատժամիջոցներ կսահմանվեն, եթե նրանք, չնայած ամերիկյան սպառնալիքներին, շարունակեն մասնակցել գազատարի կառուցմանը։ Ըստ լրատվամիջոցի՝ արեւմտյան ընկերությունների համար այդ սպառնալիքներն ավելի վտանգավոր են, քան համատեղ նախաձեռնությունից հրաժարվելը։