ՕԵԿ կուսակցությունից Երեւանի քաղաքապետի թեկնածու Մհեր Շահգելդյանը բարձր տրամադրությամբ եւ լավ սպասումներով է ընտրությունների եկել: Նա այս մասին լրագրողներին ասաց սեպտեմբերի 23-ին թիվ 9/17 ընտրական տեղամասում քվեարկելու ժամանակ:

«Սա կարեւորագույն ընտրություն է, քանի որ առաջինն է հեղափոխությունից հետո եւ փուլային նշանակություն կունենա Հայաստանի Հանրապետությունում քաղաքական ժողովրդավարական համակարգի կայացման մեջ:

Երեւանը ոչ թե սոսկ համայնք է, որտեղ բնակվում է երկրի բնակչության 40 տոկոսը, այստեղ է կենտրոնացված երկրի տնտեսական եւ մտավոր պաշարների 40 տոկոսը:

Մհեր Շահգելդյանը հիշեցրեց, որ ըստ օրենքի՝ Երեւանի ավագանին կարող է ձեւավորվել քաղաքական 3 ուժերի անցնելու դեպքում եւ հավելեց, որ ՕԵԿ-ն հավակնում է այդ եռյակում տեղ ունենալուն, որ իր ավանդը բերի Երեւանի կառավարման եւ զարգացման մեջ:

Նա հավելեց, որ այս ընտրությունները շատ կարեւոր են, քանի որ սպասվում է, որ կընթանան առանց խախտումների, ընտրակաշառքի եւ վարչական ռեսուրսի կիրառման: «Ես ընտրողներին կոչ եմ անում ակտիվ լինել, ներգրավվել այս գործընթացին, եւ իրական քվեարկությամբ փորձել կառուցել մեր քաղաքի այն ապագան, որը բոլորս ցանկանում ենք մեր երեխաների համար»,- ասաց նա:

Ավագանի ընտրվելու դեպքում ՕԵ կուսակցությունը մտադիր է օպերատիվորեն արձագանքել այն բոլոր խնդիրներին, որոնք այսօր քաղաքում կան՝ աղբահանություն եւ այլն: Մհեր Շահգելդյանի խոսքով՝ երկրորդ կարեւոր խնդիրն է տարբեր քաղաքական ուժերի հետ համատեղ կոլեգիալ աշխատանքը՝ Երեւանի զարգացման ռազմավարությունն իրականացնելու համար:

Հիշեցնենք, որ Երեւանի ավագանու արտահերթ ընտրությունները մեկնարկել են այսօր՝ սեպտեմբերի 23-ին, առավոտյան ժամը 08.00-ին, եւ կտեւեն մինչեւ երեկոյան 20.00-ն: Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցում է 12 քաղաքական կուսակցություն ու դաշինք: