Երեւան քաղաքը վաղը կունենա նոր քաղաքապետ. այսօր կարեւոր օր է երեւանցիների համար: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 23-ին, Երեւանի ավագանու ընտրություններում քվեարկության մասնակցելուց հետո լրագրողների հետ զրույցում նշեց «Երեւանցիներ» դաշինքի քաղաքապետի թեկնածու Արարատ Զուրաբյանը:

«Ես կարծում եմ, որ այս ընտրություններն աննախադեպ են, որովհետեւ այ հենց հիմա ընտրական տեղամասի դիմաց չեք տեսնում նրանց, ում սովորաբար տեսնում էինք նախորդ ընտրություններին, նրանց, որոնք սովորաբար ինչ-որ բան էին կազմակերպում, տանում, բերում եւ այլն: Այսինքն՝ մթնոլորտը շատ դրական է, եւ ես կարծում եմ, որ նորմալ ընտրություններ կընթանան, եւ մենք կունենանք այն պատկերը, որն առկա է իրականում Երեւան քաղաքում»,-ասաց Արարատ Զուրաբյանը:

Նա անդրադարձավ նախօրեին ԲՀԿ Աջափնյակի շտաբում ընտրակաշառք բաժանելու մասին ահազանգերին, եւ դրանից հետո ոստիկանության կողմից այդտեղ խուզարկություն անցկացնելուն՝ նշելով. «Ես կարծում եմ, որ ոստիկանությունը պետք է մի քիչ ավելի ուշադիր լինի եւ ամեն մի չստուգված ահազանգի տեղիք չտա եւ դա չդարձնի ինչ-որ մի բան: Ես կարծում եմ՝ թյուրիմացություն էր, որովհետեւ ակնհայտ է եղել, որ բոլոր քաղաքական ուժերն էլ հստակ գիտակցել են, որ ընտրակաշառք եւ այլ երեւույթներ չեն լինելու, եւ ես կարծում եմ, որ բոլորն էլ առաջնորդվել են այդ սկզբունքով»:

Հարցին, թե որ դեպքը նկատի ունի թյուրիմացություն ասելով, Արարատ Զուրաբյանն ասաց, որ ընդհանրապես, որ խոսակցություններ եղան շտաբեր մտնելու եւ այլն. «Ի վերջո, որեւէ բան ի հայտ չեկավ, բայց ինչ-որ մթնոլորտի պղտորման էլեմենտ նկատվեց: Ես կուզեի, որ ընդհանրապես նման բան չլիներ: Էլի եմ ասում, որ գոնե մեզ բոլորիս համար պարզ է, որ այն մեխանիզմները, որոնք գործել են բոլոր նախորդ ընտրություններին, այսօր առկա չեն ու դա որաշախալի է»,-ասաց Զուրաբյանը:

Ինչ վեաբերում է նախօրեին «Իրազեկ քաղաքացիների միավորման» ներկայացուցիչ Դանիել Իոաննիսյանի ասուլիսում հնչած մտքերին, որ իրենք փաստեր ունեն, որ ԲՀԿ-ի ֆլեշմոբի ժամանակ մասնակիցներից ոմանց փող է տրվել, ինչը ԲՀԿ քաղաքապետի թեկնածու Նաիրա Զոհրաբյանը որակեց որպես լռության օրն իրականացված հակաքարոզչություն ԲՀԿ-ի հանդեպ, Արարատ Զուրաբյանն ասաց. «Ես չեմ լսել Դանիել Իոաննիսյանի արտահայտությունները, որ կարողանամ դրանց գնահատական տալ»:

Հիշեցնենք, որ այսօր՝ սեպտեմբերի 23-ին, ընթանում են Երեւանի ավագանու արտահերթ ընտրությունները, որոնք կտեւեն մինչեւ երեկոյան 20.00-ն: Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցում է 12 քաղաքական կուսակցություն ու դաշինք:

Նշենք, որ Երեւանի ավագանու անդամների թիվը 65 է: Քաղաքական ուժերի ցուցակները գլխավորողները համարվում են քաղաքապետի թեկնածուներ: