Բաքվում առավոտից տեղացող հորդ անձրեւները հանգեցրել են Ադրբեջանի մայրաքաղաքի մի շարք փողոցների ջրածածկմանը, փոխանցում է oxu.az-ն: 

Սեպտեմբերի 22-ի ցերեկային ժամերը հիմնականում առանց տեղումների են եղել: Սակայն սեպտեմբերի 22-ի երեկոյից մինչեւ 23-ի առավոտ ժամանակ առ ժամանակ անձրեւ է տեղացել, հյուսիսային եւ արեւմտյան որոշ շրջաններում՝ տեղատարափ անձրեւներ:

Բաքվում առավոտյան ժամերին տեղացած հորդ անձրեւները մի շարք խնդիրներ են առաջացրել:

«Բաքվի մետրոպոլիտենի» մամուլի ծառայության ղեկավար Բահթիյար Մամեդովը հայտնել է, որ 10-15 սմ-ով ջրի մակարդակի բարձրացման հետեւանքով ջրածածկ է եղել «Մեմար Աջեմի» կայարանի ստորգետնյա անցումը:

Տեղատարափ անձրեւների հոսքը ողողել է Իզմիրի փողոցի 7ա հասցեի բնակելի շենքը գոտեւորող քարե պարսպի հիմքը: Արդյունքում պարիսպը փլուզվել է մոտակայքում կայանված ավտոմեքենայի վրա: