Ժամը 12:30-ի դրությամբ Երեւանի ավագանու արտահերթ ընտրություններում գրանցվել է 82 խախտում, 8 միջադեպ:

Transparency.am կայքի փոխանցմամբ, Նորք Մարաշի 9/6 տեղամասում արձանագրվել է բաց քվեարկության մոտ 20 դեպք: Հաղորդվել է, որ ընտրողները դուրս են գալիս քվեախցիկներից եւ բոլորի ներկայությամբ քվեաթերթիկները դնում ծրարի մեջ:

Միաժամանակ, տեղամասում պարբերաբար կուտակումներ են ձեւավորվում խմբերով գալու արդյունքում: Դիտորդը փորձել է լուսանկարել գրանցամատյանը, որտեղ արձանագրվել են վերոնշյալ խախտումները, սակայն հանձնաժողովի քարտուղարը դիտորդին արգելել է լուսանկարել գրանցամատյանը:

Ամենից շատ խախտումներով տեղամասերն են Նոր Նորք վարչական շրջանի 2/16 տեղամասը, Նորք Մարաշ վարչական շրջանի 9/6 տեղամասը, Շենգավիթ վարչական շրջանի 8/9 տեղամասը: Առաջին երկու ընտրատեղամասերում գրանցվել է չորսական խախտում, երրորդ ընտրատեղամասում՝ 3 խախտում:

Հիմնականում խախտումները վերաբերում են տեղամասի անմատչելիությանը, քվեարկության սենյակի կահավորմանը, վիճակահանության կարգի խախտմանը:

Հիշեցնենք, որ այսօր՝ սեպտեմբերի 23-ին, ընթանում են Երեւանի ավագանու արտահերթ ընտրությունները, որոնք կտեւեն մինչեւ երեկոյան 20.00-ն: Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցում է 12 քաղաքական կուսակցություն ու դաշինք:

Նշենք, որ Երեւանի ավագանու անդամների թիվը 65 է: Քաղաքական ուժերի ցուցակները գլխավորողները համարվում են քաղաքապետի թեկնածուներ: