Իրանի իշխանությունները պատրաստ են դիմակայել ԱՄՆ ցանկացած գործողությանը, որ նրանց խանգարեն իսլամական հանրապետությունում իրենց նպատակներին հասնել: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ Իրանի նախագահ Հասան Ռոհանին այս մասին հայտարարել է ՄԱԿ Գլխավոր վեհաժողովի 73-րդ նստաշրջանին մասնակցելու համար կիրակի Թեհրանից Նյու Յորք մեկնելուց առաջ:

«Ամերիկացիները երբեք Իրանում չեն հասնի իրանցի ժողովրդին վերաբերող իրենց նպատակներին, եւ կառավարությունը պատրաստ է դիմակայել ԱՄՆ-ի կողմից ցանկացած գործողության, իսկ ամերիկացիները դրա համար կզղջան»,- ասել է Ռոհանին՝ նշելով, որ Միացյալ Նահանգները ՄԱԿ-ն օգտագործում է սեփական շահերի համար:

Ռոհանին հայտարարել է, որ շաբաթ Ահվազում ահաբեկչական հարձակումն իրականացրել են արտասահմանցի վարձկանները: «Մենք գիտենք՝ ովքեր են կատարողները եւ հրահանգողները, եւ անկասկած, Իրանն այս արյունահեղությունն անպատասխան չի թողնի»,- ասել է Իրանի նախագահը: