Որեւէ մտավախություն չկա, քանի որ նախընտրական փուլում ամեն ինչ լավ է ընթացել: Այս մասին սեպտեմբերի 23-ին լրագրողների հետ զրույցում ասաց Ռեֆորմիստների կուսակցությունից առաջադրված քաղաքապետի թեկնածու Արտակ Ավետյանը՝ մեկնաբանելով «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախընտրական շտաբում վերջերս կատարված խուզարկության դեպքը:

Ավետյանի կարծիքով՝ նման կարգի միջադեպերով պետք է զբաղվեն իրավապահ մարմինները:

«Իհարկե, ինձ՝ որպես երեւանցու եւ որպես քաղաքացու, մտահոգում է այն, ինչ տեղի է ունենում իմ քաղաքում, բոլոր աննորմալ երեւույթները: Ինչ վերաբերում է մնացյալին, ապա ամեն ինչ բավականին հարթ անցավ, քաղաքակիրթ պահվածքի շրջանակում, եւ խորին շնորհակալություն լրատվամիջոցներին բոլոր քաղաքական ուժերին հավասար լուսաբանելու համար: Փառք Աստծո, դժգոհելու պատճառ չունենք»,- նշեց քաղաքապետի թեկնածուն:

Հարցին՝ հանուն ինչի՞ է ինքը քվեարկում, Ավետյանը պատասխանեց, որ քվեարկում է «կանաչ» Երեւանի, մայրաքաղաքում մաքուր եւ թարմ օդի, երեխաների, ընկերների, մերձավորների եւ ընդհանրապես բոլոր երեւանցիների բարեկեցիկ ապագայի համար:

«Մենք բոլորս մեկ քաղաք ենք պատկերացնում: Մենք բոլորս մեկ օրգանիզմ ենք, մեկ մարմին, եւ մենք բոլորս պետք է ընդհանուր գործ իրականացնենք հանուն բոլոր հայերի մայրաքաղաքի: Մենք բոլորս մեր քաղաքը պետք է զարգացնենք, բարեկարգենք եւ այն աշխարհի լավագույն քաղաքը դարձնենք: Չնայած անձամբ ինձ համար Երեւանը եղել եւ մնում է աշխարհի ամենագեղեցիկ քաղաքը»,- պարզաբանեց Արտակ Ավետյանը:

Հիշեցնենք, որ Երեւանի ավագանու արտահերթ ընտրությունները մեկնարկել են այսօր՝ սեպտեմբերի 23-ին, առավոտյան ժամը 08.00-ին, եւ կտեւեն մինչեւ երեկոյան 20.00-ն: Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցում է 12 քաղաքական կուսակցություն ու դաշինք: