Ես զրուցել եմ Ռեֆորմիստների կուսակցության շտաբի ղեկավարի հետ, եւ առայժմ որեւէ լուրջ խախտման մասին ոչ մի տեղեկություն չկա: Սեպտեմբերի 23-ին լրագրողների հետ զրույցի ժամանակ այս մասին ասաց Ռեֆորմիստների կուսակցությունից առաջադրված քաղաքապետի թեկնածու Արտակ Ավետյանը:

Ընդ որում՝ նա նշեց, որ որոշ մանր խախտումներ, այնուամենայնիվ, տեղի են ունեցել:

Հարցին՝ ինչպե՞ս կբնութագրի ընտրությունների ընթացքը, քաղաքապետի թեկնածուն պատասխանեց, որ շատ դրական:

«Իսկ ինչ վերաբերում է հաջողության մեր հնարավորություններին, ապա եկեք եւս 10 ժամ սպասենք եւ կտեսնենք: Ես ասել եմ ու հիմա էլ հայտարարում եմ, որ լավատես եմ եւ լավին եմ պատրաստ: Վստահ եմ, որ ամեն ինչ լավ կլինի: Այս գործում հաղթողներ եւ պարտվողներ չկան: Մենք բոլորս մեկ ընդհանուր գործ ենք անում:

Հիշեցնենք, որ Երեւանի ավագանու արտահերթ ընտրությունները մեկնարկել են այսօր՝ սեպտեմբերի 23-ին, առավոտյան ժամը 08.00-ին, եւ կտեւեն մինչեւ երեկոյան 20.00-ն: Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցում է 12 քաղաքական կուսակցություն ու դաշինք: