Վստահաբար, մեր թիմի հանդեպ սեւ PR–ի էլեմենտներ են օգտագործվել: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 23-ին, լրագրողներին ասաց «Իմ քայլը» դաշինքի թեկնածու Հայկ Մարությանը։

«Բայց, ընդհանրապես, ընտրարաշավը հենց այն է, ինչ տեղի ունեցավ եւ ամբողջ աշխարհում է այսպես, ուղղակի մենք սովոր չենք դրան: Կհիշեք՝ մեզ մոտ ինչպես էին անցնում ընտրությունները։ Ընտրարշավը հանգիստ, հանդարտ, ոչ մի բան չկա, ամեն ինչ լավ ա,  ու երբ վերջանում էր ընտրությունը, նոր սկսվում էր հետընտրական պրոցեսը: Այստեղ հակառակը տեղի ունեցավ: Սկզբից գնում է ընտրարշավ, կրքերը բորբոքվում են, այո, ինչ-որ բաներ են գտնում իրար վրա, սուտ, թե ճիշտ: Այդ ամեն ինչը կոչվում է ընտրարշավ ու քաղաքականություն, դա տեղի է ունենում ընտրարշավի ժամանակ, իսկ ընտրություններից հետո ամեն ինչ հանդարտվում է»,–ասաց Հայկ Մարությանը:

Նա չնշեց, թե ով եւ ինչ սեւ PR է արել իրենց նկատմամբ. «Անունով չգիտեմ, բայց գիտեմ, որ արվել է: Տարբեր սուտ նյութեր, իրականությանը չհամապատասխանող նյութեր: Հիմա իմաստ չունի խոսել դրա մասին: Մենք այն ժամանակ էլ չենք անդրադարձել դրան, որովհետեւ եթե մի բան սուտ է, անիմաստ է դրան անդրադառնալը»:

Դիտարկմանը, որ Արտակ Զեյնալյանը շարունակում է հայտարարել, որ ինքն է ընտրվելու, Հայկ Մարությանն արձագանքեց. «Դա քարոզարշավի մի մասն է: Պատկերացնում եք՝ մարդը մասնակցում է ընտրությունների ու հայտարարում է, որ ինքը չի ընտրվելու: Ամեն մեկն էլ պետք է ասի, որ այո, իրենք են անպայման ընտրվելու: Այո´, պետք է ասի, որ մեր ուժը հավաքելու է 99 տոկոս, դա նորմալ է: 12 թեկնածուներն ասելու են, որ ամենալավ թեկնածուն մենք ենք, դա նորմալ է, բա պատկերացնում եք՝ թեկնածուն ուրիշ թեկնածուի գովի»։

Իր շանսերի վերաբերյալ հարցին էլ Մարությանն ասաց, որ գուշակություններն անշնորհակալ բան  են, եւ ինքը երբեք չի մտնում այդ դաշտ։