Երեւան քաղաքի Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների դատախազությունում քրեական գործ է հարուցվել առերեւույթ ընտրակաշառք տալու եւ ստանալու դեպքի առթիվ:

Դատախազությունից NEWS.am-ին հայտնում են, որ 2018 թվականի սեպտեմբերի 22-ին ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել մի քաղաքացի եւ հայտնել, որ Երեւան քաղաքի Արզումանյան փողոցի մի բնակիչ 40.000 ՀՀ դրամ գումար է վերցրել՝ Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցող կուսակցություններից մեկի օգտին քվեարկելու համար:

Դեպքի առթիվ նախապատրաստվել են նյութեր, որոնց ընթացքում տվյալներ են ձեռք բերվել առ այն, որ 2018 թվականի սեպտեմբերի 21-ին՝ ժամը 18:00-ի սահմաններում, մի քաղաքացի 40.000 ՀՀ դրամ է տրամադրել Երեւան քաղաքի  Արզումանյան փողոցի բնակչին՝ Երեւանի ավագանու արտահերթ ընտրությունների մասնակից կուսակցություններից մեկի օգտին քվեարկելու համար: Վերջինս ստացած գումարը Երեւան քաղաքի Շինարարներ փողոցում փոխանցել է որդուն, ով հիշյալ գումարից 25.000 ՀՀ դրամի չափով կատարել է տարբեր վճարումներ, իսկ 15.000 ՀՀ դրամը հայրը վերցրել եւ ներկայացրել է վարույթն իրականացնող մարմնին:

Նկատի ունենալով, որ նախապատրաստված նյութերում առերեւույթ առկա են թեկնածուներից, կուսակցություններից (կուսակցությունների դաշինքներից) որեւէ մեկի օգտին կողմ քվեարկելու կամ ընտրություններին մասնակցելու համար երկու ընտրողներին անձամբ կամ միջնորդի միջոցով կաշառք առաջարկելու հանցագործության հատկանիշներ՝ Երեւան քաղաքի Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների դատախազության ավագ դատախազի կողմից հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 154.2. հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերով:

Քրեական գործը նախաքննություն կատարելու հանձնարարությամբ ուղարկվել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն: