ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննություն է տարվում՝ պարզելու «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախընտրական շտաբում տեղի ունեցած դեպքի հանգամանքները:

ՀՀ Քննչական կոմիտեից NEWS.am-ին հայտնում են, որ մասնավորապես՝ 2018թ. սեպտեմբերի 22-ին ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության Մաշտոցի բաժնի հետաքննության բաժանմունքի ավագ տեսուչը զեկուցագիր է ներկայացրել առ այն, որ նույն օրը՝ ժամը 18:00-ի սահմաններում, դեպքի վայրի զննություն է կատարել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության՝ Բաշինջաղյան փողոցի 188/5 հասցեում տեղակայված նախընտրական շտաբում, որին մասնակցել են նաեւ նույն բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազորները՝ ծառայություն իրականացնելով շտաբի մուտքի դռան մոտ՝ քննչական գործողությանը մասնակից չհանդիսացող քաղաքացիների մուտքը հիշյալ տարածք արգելելու նպատակով:

Ըստ զեկուցագրի՝ ժամը 19:10-ին, երբ Ոստիկանության աշխատակիցները զննության արձանագրությունը ծանոթացման համար ներկայացրել են մասնակիցներին, նշված շտաբի աշխատանքները համակարգող Գ.Գ-ն կոչ է արել շտաբի դռների մոտ հավաքված քաղաքացիներին ներխուժել շտաբ, ջարդուփշուր անել ամեն ինչ եւ վերցնել դեպքի վայրի զննությամբ վերցված տեսախցիկների տեսագրման սարքը:

Բացի այդ, Գ.Գ.-ն, քաշքշուկ հրահրելով, վնասել է մուտքի դռան փեղկը՝ այդկերպ հնարավորություն ընձեռելով դրսում գտնվող 30-40 մարդու ներս մտնել՝ անտեսելով ոստիկանության աշխատակիցների՝ շինությունից դուրս գալու եւ իրականացվող գործողություններին չխոչընդոտելու օրինական պահանջները:

Այնուհետեւ միջադեպին ներկա գտնվող անձինք, հրելով եւ քաշքշելով, բռնություն են գործադրել ոստիկանության աշխատակիցների նկատմամբ, ինչը զուգորդվել է հայհոյանքներով եւ բղավոցներով:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով:

Կատարվել է դեպքի վայրի զննություն:

Նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Նշենք, որ երեկ ոստիկանները խուզարկություն էին կատարել ԲՀԿ Աջափնյակի գրասենյակում։  Նաիրա Զոհրաբյանն էլ հայտարարել էր, որ այդ խուզարկությունը իրենց աշխատանքը կազմալուծելու  նպատակ ունի եւ ասել էր, որ եթե չպարզվի սուտ մատնության դեպքերը ապա իրենք կպահանջեն ոստիկանապետ Վալերի Օսիպյանի հրաժարականը։