Ժամը 17:30-ի դրությամբ Երեւանի ավագանու արտահերթ ընտրություններում գրանցվել է 69 խախտում, 24 միջադեպ:

Transparency.am կայքը ներկայացնում է «Ականատես» նախաձեռնության դիտորդների արձանագրած խախտումները:

Ըստ այդմ, Քանաքեռ-Զեյթուն 3/24 տեղամաս ընտրողներից մեկը ներկայացել է «դուխով» շապիկով: Հանձնաժողովի նախագահը զգուշացրել է վերջինիս, եւ ընտրողն ընտրելուց հետո հեռացել է տեղամասային կենտրոնից:

Աջափնյակի 6/8 տեղամաս ընտրողներից մեկը ներկայացել է «դուխով» գլխարկով: Հանձնաժողովի անդամները զգուշացրել են վերջինիս, եւ ընտրողն ընտրելուց հետո հեռացել է տեղամասային կենտրոնից: Նույն տեղամասում նաեւ դիտորդը նկատել է, որ ընտրողները քվեարկության սենյակում առկա խառնաշփոթի ժամանակ 2-3 հոգով են մոտեցել քվեախցիկներին:

Ավանի 1/3-րդ տեղամասում տարեց մի տղամարդ այցելել է տեղամաս ընտրելու ոմն տարեց կնոջ հետ, ով իբրեւ թե եկել էր օգնելու համար, որպեսզի տարեց տղամարդը կարողանա ընտրել:

Սակայն պարզվել է, որ այդ տղամարդը արդեն իսկ ընտրել է: Ոստիկաններ են եկել տեղամաս, թույլ չի տրվել երկրորդ անգամ ընտրել, իսկ միջադեպը գրանցվել է գրանցամատյանում:

Արաբկիրի 4/34 տեղամասում դիտորդը տեղեկացրել է, որ 16:00-ի դրությամբ տեղի է ունեցել այլ անձի փոխարեն քվեարկության երեք դեպք, մասնավորապես ընտրողներն ընտրացուցակում ստորագրել են այլ անձանց դիմաց: Երկու դեպքում ընտրողներին, ում փոխարեն այլ ընտրող արդեն ստորագրել էր, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից ստացված պարզաբանման հիման վրա հնարավորություն է տրվել ստորագրել այլ նշումներ բաժնում, իսկ մյուս դեպքում ընտրողը, որի փոխարեն այլ անձ էր ստորագրել,16:30-ի դրությամբ ընտրության չի մասնակցել:

Ամենից շատ խախտումներով տեղամասերն են Նորք Մարաշ վարչական շրջանի 9/6 տեղամասը, Շենգավիթ վարչական շրջանի 8/9 տեղամասը եւ Արաբկիրի 4/40 ընտրատեղամասը: Այս տեղամասերում գրանցվել է համապատասխանաբար 4, 3, 3 խախտում: