Մինչեւ ժամը 20.00-ն արձանագրվել է 93 իրավախախտման դեպք, իսկ առավոտյան ժամը 08.00-ից մինչեւ 20.00-ն, այսինքն ողջ քվեարկության ընթացքում ստացվել է 84 իրավախախտման վերաբերյալ տեղեկություն: Այս մասին ԿԸՀ-ում հայտարարեց Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի աշխատակազմի ղեկավար, ոստիկանության գնդապետ Մերուժան Հակոբյանը:

Նրա խոսքով, դրանցից ըստ բնույթի 8 դեպք վերաբերում է ընտրողներին կաշառք տալուն, ստանալուն, բարեգործության արգելքի խախտմանը կամ ընտրողի ազատ կամքի իրականացման խոչընդոտելուն, երկու դեպք ընտրական իրավունքի իրականացմանը խոչընդոտելուն, մեկ դեպք մասնագիտական գործունեությանը խոչընդոտելուն, ինը դեպք մեկից ավելի անգամ կամ այլ անձի փոխարեն քվեարկելուն, երեքը՝ քվեարկության գաղտնիության խախտման, 19-ը՝ ընտրացուցակների անճշտությունների և 23-ը՝ տարբեր բնույթի արարքների:

Մերուժան Հակոբյանը նշեց, որ մնացած տասնութ դեպքերը, որոնք չնշվեցին, դրանցից 14 դեպք վերաբերում են մեկից ավելի անգամ կամ այլ անձի փոխարեն քվեարկելուն, մեկ դեպք՝ քվեարկության գաղտնիության խախտման, երեք դեպք՝ ընտրողների՝ կաշառք տալ ստանալու վերաբերյալ: 

«Այդ դեպքերից տասնութը նյութերի նախապատրաստական փուլում են, մնացած բոլորով կատարվում են ստուգումներ»,- ընդգծեց նա: