Երբ որ քվեարկության արդյունքները հայտարարվի, իհարկե գնահատական կտանք, հայտարարությամբ հանդես կգանք, հիմա չեմ կարծում, որ դրա ժամանակն է: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 23-ին, լրագրողների հետ զրույցում նշեց «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ, «Ելք» դաշինքի պատգամավոր Արամ Սարգսյանը:

«Բոլորս րոպե-րոպե նայում ենք, թե մասնակցության թիվն ինչքան կլինի, հետո կնայենք, թե քվեաթերթիկները որ հանվում են, ով ինչ արդյունք ունի, որից հետո վերջնական գնահատական կտանք: Մենք հո ԿԸՀ-ն չենք, որ ամեն ժամը մեկ գնահատական տանք կամ վերլուծություն անենք»,-ասաց նա:

Նա «Լույս» դաշինքի քաղաքապետի թեկնածու Արտակ Զեյնալյանի շանսերը այս պահին էր մեծ է համարում. «Արտակ Զեյնալյանն իմ ընկերն է ու իր շանսերը միշտ հազար են»:

Հարցին, թե զարմանալի չէ՞ր, որ մասնակցության տոկոսը ցածր էր, ինչպես քաղաքապետի նախորդ ընտրությունների ժամանակ, Արամ Սարգսյանը պատասխանեց. «Այսպիսի ընտրություններ, որ բացարձակ ազատ լինեն, «գազելներով» չտանեն, գաղջ մթնոլորտ չլինի, տեղերում լցոնումներ ու փող բաժանելու խնդիր չլինի, մինչ այսօր չեն եղել: Հետեւաբար, դժվար թե որեւէ էքսպերտ կարողանա էս պահի դրությամբ որեւէ գուշակություն անել»:

Դիտարկմանը, որ նախկինում կասկածի տակ էր առնվում ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանի աշխատանքը, այսօր կվստահի՞ նրա հրապարակած տվյալներին, «Ելք»-ի պատգամավորն արձագանքեց. «Ցանկացած մարդու մեջ կա եւ սեւը, եւ սպիտակը, նայած՝ ինչ պահանջ ես դնում: Իսկ ով ասաց, որ Մուկուչյանի մեջ միայն սեւն է: Հիմա սպիտակի պահանջ ենք դրել, սպիտակի պահանջով աշխատում է, էն ժամանակ սեւի պահանջ էին դնում, սեւի պահանջով էր աշխատում: Գայլերին որին կերակրես, նա էլ մեծանալու է»:

Հիշեցնենք, որ այսօր՝ սեպտեմբերի 23-ին, տեղի ունեցան Երեւանի ավագանու արտահերթ ընտրությունները: Այս պահին ընթանում է ձայների հաշվարկը: Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցում է 12 քաղաքական կուսակցություն ու դաշինք:

Նշենք, որ Երեւանի ավագանու անդամների թիվը 65 է: Քաղաքական ուժերի ցուցակները գլխավորողները համարվում են քաղաքապետի թեկնածուներ: