ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մանհեթնի «Յեյլ» ակումբում փակ հանդիպում է ունեցել, որի ընթացքում հայտնել է, որ Երեւան վերադառնալուն պես սկսելու է բանակցություններ խորհրդարանական ուժերի ղեկավարների հետ` ԱԺ-ն ցրելու մասին: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը, ով նաեւ լուսանկար է հրապարակել այդ հանդիպումից: 

Նա, մասնավորապես, նշել է.

«Վարչապետն ասաց, որ իրադարձությունների զարգացումը հուշում է, որ նախկինում իր նախատեսած առաջիկա ամառվա ամիսների այդ գործողությունը անհրաժեշտ է այլեւս հնարավորինս շուտ անել: Ակնհայտորեն դա կապված է ոչ միայն ՀՀԿ-ի ավելի ու ավելի ագրեսիվացող կեցվածքի, այլեւ` ՔՊ-ի ավագանու ընտրություններում բացարձակ հաղթանակի հետ:

Նաեւ` որ անցումային արդարադատությունը չի լինելու արտակարգ դատարանների տեսքով, այլ` ասենք, լինելու է նաեւ գործիք, որով հնարավոր է լինելու հետաքննել մասնավոր անձանց ապօրինի գումարների ծագման ուղիները: Ակնհայտորեն դա այն անցումային արդարադատության մոդելը չէ, որով կքանդվեր գորդյան հանգույցը եւ ապօրինություններ գործող դատավորները մասսայականորեն կզրկվեին աշխատանքից:

Անդրադարձ եղավ նաեւ ավագանու ընտրություններում մյուս ուժերի պարտությանը եւ դրա խորհրդին: Ի թիվս այլոց` նշվեց նաեւ Լույս դաշինքի անունը եւ ասվեց, որ ավագանի չանցնելն այդ ուժերի համար նշանակում է, որ ժողովուրդը նրանց չի սատարում: Սա թերեւս վարչապետը համարում է նոր մանդատ` քաղաքական մյուս ուժերի հետ այլ դիրքերից այլեւս խոսելու, թեեւ իմ համոզմամբ, նա այդ մանդատը վաղուց ուներ: Ընդհանրապես իմ մոտ տպավորություն է, որ ամեն կարեւոր քայլից առաջ վարչապետը միտում ունի ժողովրդական նոր մանդատներ հայցելու եւ ստանալու: Կարծում եմ դա շատ արդարացված տարբերակ չէ, որովհետեւ ամեն բան հեղափոխության ուժով անելու անվերապահ մանդատ նա վաղուց է ստացել: Մնում է այն ամբողջ ուժով իրացնել: Ռիսկեր կան, որ այդ ներառական մանդատը տրոհելով եւ բազմապրոֆիլ չիրացնելու արդյունքում` նոր մանդատների ստանալն ավելի կդժվարանա: Իսկ դրանց անհրաժեշտությունն ամենեւին չկա:

Պարզ դարձավ նաեւ, որ վարչապետը լուրջ չի վերաբերվում սեփական անձի անվտանգության շուրջ արտահայտվող մտահոգություններին եւ համարում է, որ վարչապետը չի կարող ազատորեն չզբոսնել սեփական քաղաքով:

Ակնհայտ է նաեւ, որ վարչապետը համարում է, որ հեղափոխության անկասելիության երաշխավորը ժողովուրդն է, եւ որ դա արդեն բավարար է հակահահեղափոխություն չլինելու համար: Չնայած դրան` հայտնի է, որ հաճախ հակահեղափոխությունները տեղի են ունենում առանց լայն զանգվածների մասնակցությամբ, իսկ ժողովուրդը միջամտելու հնարավորություն հաճախ այլեւս չի ստանում: Դրանք սովորաբար տեղի են ունենում հեղաշրջումների տեսքով:

Սա այն բացառիկ հանդիպումներից է, երբ անուղղակիորեն ստանում ես քեզ վաղուց տանջող քաղաքական մի շարք հարցերի պատասխանները:

Հանդիպմանն անդրադառնալու եւ եւս մեկ անգամ մտորելու կարիք կա կարծում եմ»: