Երեւանի ավագանու ընտրությունները ցույց տվեցին, որ սին են բոլոր այն պնդումները, այն խոսակցությունները, որոնք հիշատակում են ինչ-որ ուժերի, որոնք կարող են Հայաստանի Հանրապետությունում այսպես ասած հակահեղափոխություն անել: Այս մասին Նյու Յորքի Յեյլ ակումբում Միացյալ Նահանգների հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Տեղյակ եք, որ տեղի ունեցան Երեւան ավագանու ընտրությունները, հիմա արդեն տվյալներն ամփոփված են եւ «Իմ քայլը» դաշինքը, որը ներկայացնում էր Հայաստանում ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխություն իրականացրած ուժերի դաշինքը, այդ ընտրություններում, որոնք անցել են բացարձակ արդար, ազատ, թափանցիկ պայմաններում, ստացել է ընտրողների 81 տոկոս քվեն:

Սա նշանակում է, որ սին են բոլոր այն պնդումները, այն խոսակցությունները, որոնք հիշատակում են ինչ-որ ուժերի, որոնք կարող են Հայաստանի Հանրապետությունում այսպես ասած հակահեղափոխություն անել»,-ընդգծեց է Փաշինյանը:

Նրա խոսքով, Հայաստանում հակահեղափոխություն չի կարող լինել. «Դա հնարավոր չէ, ես գիտեի, մենք բոլորս գիտեինք, որ դա հնարավոր չէ եւ այսօր դա արձանագրվեց նաեւ ընտրությունների արդյունքներով: Միակ բանը, որ Հայաստանում հնարավոր է՝ օրինականությունն է, ժողովրդավարությունն է, մարդու իրավունքների պաշտպանվածությունը, անկախ դատական համակարգը, ազատ տնտեսական մրցակցությունը»,-ասել է վարչապետը:

Գործադիրի ղեկավարը հավելել է, որ Հայաստանում այսօր մենաշնորհներն ու կոռուպցիան հաղթահարված են, ավագանու ընտրություններն անցել են առանց կոռուպցիայի, թաղային, քրեական հեղինակությունների միջամտության: «ՀՀ քաղաքացիները հնարավորություն են ունեցել քվեարկել նրա օգտին, որին ցանկանում են, եւ ի վերջո նրանք քվեարկել են հեղափոխության, արտահերթ խորհրդարանական ընտրությունների, ազատ եւ երջանիկ Հայաստանի օգտին: Այսօր փողն ընտրությունների արդյունքների վրա չունի որեւէ ազդեցություն, կստեղծենք գործիքներ, որ փողը քաղաքականության մեջ օգտագործվի ոչ թե ձայն գնելու, այլ ասելիքն ավելի հասանելի դարձնելու համար»,- շեշտել է Նիկոլ Փաշինյանը: