Այսօր մեր տնտեսության կառուցվածքը որեւէ լավատեսության հիմք չի տալիս, եւ այն պետք է փոխենք: Այս մասին Նյու Յորքի Յեյլ ակումբում Միացյալ Նահանգների հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նրա խոսքով, այսօր այն բաղկացած է երեք հիմնական ճյուղից. «Մեկը գյուղատնտեսությունն է, որը ժամանակակից պայմաններին չի բավարարում, մյուսը` հանքարդյունաբերությունը, որն ազգային հարստության վաճառք է նշանակում, մյուսը խաղադրույքների ոլորտն է: Հուլիսին մեր տնտեսությունը ակտիվության երկնիշ ցուցանիշ էր արձանագրել. դրա պատճառը ֆուտբոլի աշխարհի առաջնությունն էր: Այս կառուցվածքը մեզ ձեռնտու չէ, եւ մենք ուզում ենք Հայաստանն ագրարային, հանքարդյունաբերական, խաղադրույքներ կատարող երկրից վերածել բարձր տեխնոլոգիական երկրի, որը մեր ամենակարեւոր հրամայականն է, ինչը բխում է մեր անվտանգային միջավայրից»,-ընդգծել է ՀՀ վարչապետը:

Նա նշել է, որ իր կառավարությունը 4 ամսում արել է իրենից կախվածը` երկրում իրավիճակը կայուն պահելու համար, որովհետեւ հետհեղափոխական շրջանի ամենակարեւոր մարտահրավերը հենց դա է, ինչը հաջողվել է իրենց:

«Այսօր մեր ամենակարեւոր խնդիրը նոր ներդրումներ ներգրավելն է: Այդ նպատակով գնում ենք հարկային օրենսգրքի բարեփոխումների, անկախ դատական համակարգի հաստատմանը, քաղաքական կայուն վիճակի պահպանմանը, ինչի համար պետք է մոտ ժամանակներս անցկացնենք արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Երեւանի ավագանու ընտրությունների արդյունքներով բոլորին ակնհայտ է, որ խորհրդարանական արտահերթ ընտրություններն անխուսափելի են, եւ դրանք պետք է հնարավորինս շուտ տեղի ունենան»,- ընդգծել է Փաշինյանը: