Իրանը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին մեղադրել է ՕՊԵԿ-ը քաղաքականացնելու մեջ: Այս մասին հայտարարել է ՕՊԵԿ-ում Իրանի ներկայացուցիչ Հոսեյն Քազեմփուր Արդեբիլին՝ ամերիկյան CNBC հեռուստաալիքի հետ հարցազրույցում:

Նրա խոսքով՝ ԱՄՆ վարչակազմը մտադիր է նավթի գներն իջեցնել ՕՊԵԿ-ում տարաձայնությունների ճանապարհով, որպեսզի ապահովի իր շահերը, փոխանցում է ԻՌՆԱ-ն:

Ավելի վաղ Դոնալդ Թրամփը ՕՊԵԿ երկրներին կոչ էր արել նավթի գներն անհապաղ նվազեցնել եւ ծածկել Իրանից, Վենեսուելայից ու Լիբիայից նավթի մատակարարումների հնարավոր դեֆիցիտը:

«Ես կարծում եմ, որ ԱՄՆ գործողությունները կհանգեցնեն նավթի գների աճի»,- նշել է նա: Նրա տեսանկյամբ՝ եթե ամերիկացիները լռեն եւ Թրամփը դադարի Twitter-ում նման հաղորդագրություններ հրապարակել, ապա նավթի գները կնվազեն: Քազեմփուր Արդեբիլին հայտարարել է, որ Իրանը եւ ՕՊԵԿ մնացյալ անդամ երկրները չեն հանդուրժի Վաշինգթոնի քաղաքական ճնշումը:

ՕՊԵԿ-ում Իրանի ներկայացուցիչը Ալժիրում է գտնվում մասնակցելու համար ՕՊԵԿ+ նախարարական մոնիթորինգային կոմիտեի 10-րդ նիստին, որտեղ նախատեսվում է քննարկել նավթի շուկայում ընդհանուր վիճակը եւ մինչեւ 2018-ի վերջ երկրների կողմից իրենց պարտավորություններին հետեւելը, ինչպես նաեւ 2019-ից սկսած հետագա փոխգործակցության մոդելը: