Երեւանի ավագանու իսկապես ազատ  ընտրությունները վկայեցին, որ երկրում ժողովրդավարություն հաստատելու համար առաջացել է աննախադեպ դրական իրավիճակ: Այս մասին հայտարարություն է տարածել «Սասնա Ծռեր» կուսակցության ստեղծման նախաձեռնող խմբի քարտուղարությունը:

Հայտարարությունում ասվում է.

«2018 թ. սեպտեմբերի 23-ին տեղի ունեցած Երեւանի ավագանու իսկապես ազատ  ընտրությունները վկայեցին, որ երկրում ժողովրդավարություն հաստատելու համար առաջացել է աննախադեպ դրական իրավիճակ:

Նշանակալից էր այն հանգամանքը, որ ժողովուրդն իր ազատ կամքով մերժեց հին ուժերին եւ կողմնորոշվեց դեպի ապագան:

Շնորհավորում ենք «Իմ Քայլը» դաշինքին նրա տարած համոզիչ հաղթանակի առթիվ եւ Հայկ Մարությանին ու նրա թիմին մաղթում ենք արգասաբեր աշխատանք:

Ուրախությամբ փաստում ենք, որ Երեւանի ավագանու ընտրությունների մասնակիցների ավելի քան ութսուն տոկոսի ձայնը եւս մեկ յուրօրինակ վստահության քվե է հեղափոխությանը եւ Նիկոլ Փաշինյանին, ինչը էական է երկրում արմատական փոփոխությունները անշեղորեն շարունակելու համար»:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ սեպտեմբերի 23-ին կայացած Երեւանի ավագանու ընտրություններում նախնական տվյալներով «Իմ քայլը» դաշինքը ստացել է 81,06 տոկոս, ԲՀԿ-ն՝ 6,95 տոկոս, «Լույս» դաշինքը՝ 4,99 տոկոս: