Մենք քննարկումներ սկսելու որեւիցե խնդիր չունենք։ NEWS.am–ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Ազգային ժողովի «Ծառուկյան» խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը՝ անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Նյու Յորքում արված հայտարարությանը, թե Երեւան վերադառնալուն պես սկսելու է խորհրդարանական ուժերի հետ քննարկել արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու հարցը։ 

«Եթե խոսում ենք քննարկումների մասին, շատ կարեւոր է առարկայական առումով ինչ բովանդակության, քայլերի ինչ հերթականության, ինչ օրակարգի շրջանակում է, այնուամենայնիվ, այդ քննարկումը տեղի ունենալու, որովհետեւ այդ հիմնահարցը բազմաթիվ քաղաքական մեկնաբանների, գործիչների կողմից բարձրաձայնվել է, բայց նաեւ գործողության, տեսլականի վերաբերյալ ամենատարբեր վերլուծություններն են եղել։ Դրա համար գտնում ենք, որ քննարկում սկսելու որեւիցե խնդիր չունենք»,– ասաց Վահե Էնֆիաջյանը։

Նշենք, որ Նիկոլ Փաշինյանը Նյու Յորքում հայտարարել է նաեւ, որ ընտրությունները պետք է տեղի ունենան ինչքան հնարավոր է շուտ։ Ի դեպ, դեռեւս հունիսին վարչապետը նշել է, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան մինչեւ 2019թ.–ի հունիսը։